• Latest news

Քաղցկեղի նոր գործոն. ինչպե՞ս է «մածուցիկ» միջավայրն ազդում ուղեղի ուռուցքի բջիջների վրա

21 մայիսի, 2026  23:27

Microsystems & Nanoengineering բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գլիոբլաստոմայի՝ ուղեղի ամենաագրեսիվ ուռուցքներից մեկի բջիջների վարքագծի վրա ազդում է ոչ միայն քիմիական միջավայրը և հյուսվածքների կոշտությունը, այլև շրջակա հեղուկի մածուցիկությունը:

Գիտական աշխատանքն իրականացրել են Չինաստանի Չունցին քաղաքի Կենտրոնական հիվանդանոցի և Չունցինի համալսարանի  գիտնականները: Նրանք մշակել են նոր փորձարարական հարթակ՝ երկշերտ բաց միկրոհեղուկային չիպ, որը հնարավորություն է տալիս երկարատև դիտարկել բջիջները միջավայրի վերահսկվող մածուցիկության պայմաններում: Դա կարևոր է, քանի որ ավանդական փակ համակարգերը վատ են նմանակում ուռուցքի իրական պայմանները. դրանք սահմանափակում են թթվածնի ու սննդանյութերի հասանելիությունը և խեղաթյուրում բջիջների վրա մեխանիկական ազդեցությունները:

Փորձի ընթացքում օգտագործվել են մարդու գլիոբլաստոմայի բջիջների երկու (U-251 և LN-229) գծեր, որոնք մեկ ամսվա ընթացքում աճեցվել են բարձր մածուցիկությամբ միջավայրում, ինչը համապատասխանում է ուռուցքի ինվազիվ ծայրամասին:

Չնայած նրան, որ առավել մածուցիկ միջավայրը սովորաբար պետք է դանդաղեցներ շարժումը, նման պայմաններին հարմարված բջիջներն, ընդհակառակը, միգրացիայի են ենթարկվել ավելի արագ և հեռու, քան վերահսկիչ խմբի բջիջները: Միևնույն ժամանակ, դրանք դարձել են ավելի փոքր և պլաստիկ, ինչը նրանց հնարավորություն է տվել ավելի հեշտությամբ անցնել սարքի միկրոկառուցվածքի նեղ տարածություններով:

Բջջային մակարդակում նկատվել է կորիզների ուժեղ մեխանիկական սեղմում և մեխանիկական առումով զգայուն ազդանշանային ուղիներին մասնակցող YAP սպիտակուցի ակտիվացում: Բջիջների (U-251) գծերից մեկում դա ուղեկցվել է ուռուցքի ինվազիվությանն առնչվող գեների (ներառյալ՝ CD44, FN1 և MMP9) էքսպրեսիայի կայուն վերակառուցմամբ: Մյուս (LN-229) գծում ձևի և շարժունակության փոփոխությունները նման են եղել, սակայն կայուն գենետիկական վերակառուցում գրեթե չի նկատվել:

Հատկանշական է, որ մոլեկուլային փոփոխությունների մի մասը պահպանվել է նույնիսկ բջիջները բնականոն մածուցիկությամբ միջավայր վերադարձնելուց հետո: Դա հուշում է ուռուցքային բջիջների շրջանում այսպես կոչված մեխանիկական «հիշողության» հնարավոր ձևավորման մասին, որն ազդում է նրանց հետագա վարքագծի վրա:

Հեղինակներն ընդգծում են, որ նոր բաց միկրոհեղուկային համակարգը հնարավորություն է տալիս տարանջատել հեղուկի մածուցիկության և պատերի մեխանիկական սահմանափակման ազդեցությունները, որոնք դասական մոդելներում սովորաբար խառնված են լինում: Այդ հանգամանքը հարթակը դարձնում է ուռուցքի ներսում տիրող իրական պայմանների առավել ճշգրիտ մոդել և հնարավորություններ է բացում այնպիսի դեղամիջոցների փորձարկման համար, որոնք ազդում են մեխանիական առումով զգայուն ուղիների վրա՝ ներառյալ YAP ազդանշանային սպիտակուցը և բջջակմախքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll