• Latest news

Սեմագլուտիդը քաշի զգալի նվազում է ապահովում բարիատրիկ վիրահատության անբավարար արդյունքով բուժառուների շրջանում

11 հունիսի, 2026  21:30

Ըստ նոր կլինիկական հետազոտության արդյունքների՝ այն չափահաս բուժառուների շրջանում, որոնք բարիատրիկ վիրահատությունից հետո չեն հասել մարմնի զանգվածի բավարար նվազեցման, սեմագլուտիդի կիրառումը հանգեցրել է քաշի զգալի լրացուցիչ կորստի, մետաբոլիկ ցուցանիշների բարելավման և կյանքի որակի բարձրացման։

BARI-STEP հետազոտությունը, որն անցկացրել են Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL), Լոնդոնի համալսարանական հիվանդանոցների և Հոմերտոն հիվանդանոցի գիտնականները, գնահատել է սեմագլուտիդի արդյունավետությունն ու անվտանգությունը շաբաթական մեկ անգամ 2,4 մգ դեղաչափով այն բուժառուների շրջանում, որոնք հետազոտության սկսվելուց առնվազն մեկ տարի առաջ ենթարկվել էին Ռուի եղանակով ստամոքսի շունտավորման կամ ստամոքսի թևային գաստրեկտոմիայի, սակայն միջամտությունից հետո կորցրել էին մարմնի զանգվածի 20%-ից պակասը։

Աշխատանքը հրապարակվել է Nature Medicine բժշկագիտական հանդեսում։ Կրկնակի կույր, պատահականացված, պլացեբո-վերահսկվող հետազոտությանը մասնակցել է 70 չափահաս բուժառու։ Նրանց մեծամասնությունը (78,6%) նախկինում ենթարկվել էր ստամոքսի թևային գաստրեկտոմիայի, իսկ 21,4%-ը՝ ստամոքսի շունտավորման։ Մասնակիցների միջին տարիքը եղել է 47 տարեկանը, ավելի քան 80%-ը կանայք են եղել, իսկ մարմնի զանգվածի միջին ինդեքսը (ՄԶԻ) հետազոտության մեջ ընդգրկվելու պահին հասել է 41,5-ի։

Մասնակիցները պատահականության սկզբունքով բաժանվել են երկու խմբի. մեկը շաբաթական ստացել է 2,4 մգ սեմագլուտիդ, մյուսը՝ պլացեբո։ Երկու խմբերն էլ հետևել են նաև կենսակերպի կորեկցիայի ծրագրին, որը ներառում էր օրական մոտ 500 կկալ դեֆիցիտ և ֆիզիկական ակտիվության մեծացում։

68 շաբաթ անց սեմագլուտիդ ստացող բուժառուները միջինում նվազեցրել են մարմնի զանգվածը 18%-ով, մինչդեռ պլացեբոյի խմբում նկատվել է քաշի չնչին աճ՝ 0,4%-ով։ Քաշի միջին նվազումը կազմել է 21,1 կգ՝ ստուգիչ խմբում արձանագրված 0,7 կգ աճի դիմաց։

Սեմագլուտիդը միաժամանակ զգալիորեն մեծացրել է քաշի կլինիկորեն նշանակալի նվազման հասնելու հավանականությունը։ Մասնակիցների ավելի քան 85%-ը կորցրել է մարմնի զանգվածի առնվազն 10%-ը, գրեթե 62%-ը՝ առնվազն 15%-ը, իսկ բուժառուների մոտ կեսը հասել է քաշի 20% և ավելի նվազեցման։ Պլացեբոյի խմբում նման արդյունքների են հասել միայն եզակի մասնակիցներ։

Բացի մարմնի զանգվածի նվազումից, բուժումն ուղեկցվել է մարմնի զանգվածի ինդեքսի բարելավմամբ, ճարպային զանգվածի կրճատմամբ, գլիկացված հեմոգլոբինի (HbA1c), ընդհանուր խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակի նվազմամբ։ Նկատվել է նաև կյանքի որակի ցուցանիշների բարելավում, ներառյալ ֆիզիկական գործառնությունը, ինքնագնահատականը և աշխատունակությունը։

Դեղամիջոցի անվտանգության պրոֆիլը համապատասխանել է նախորդ հետազոտությունների տվյալներին։ Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են եղել սրտխառնոցը և ախորժակի անկումը։ Հետազոտության ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է 12 լուրջ անցանկալի երևույթ, դրանց թվում՝ մեկ անսպասելի լուրջ դեպք՝ կապված սահմանափակող սննդային վարքագծի հետ։ Բոլոր բուժառուները կազդուրվել են, բուժման հետ կապված մահվան ելքեր չեն եղել։

Չնայած հետազոտության սահմանափակումներին, որոնք կապված էին մասնակիցների փոքր թվի, կանանց գերակշռության և 2-րդ տիպի շաքարային դիաբետով բուժառուների ցածր մասնաբաժնի հետ, հեղինակները հանգել են այն եզրակացության, որ 2,4 մգ սեմագլուտիդն անվտանգ և արդյունավետ բուժման տարբերակ է այն անձանց համար, որոնք բարիատրիկ վիրահատությունից հետո անբավարար կլինիկական արձագանք ունեն։

Հետազոտության ղեկավար դոկտոր Ջանին Մակարանիդիսը նշել է, որ ստացված արդյունքներն ամրապնդում են սեմագլուտիդի դիրքերը՝ որպես կրկնակի վիրահատական միջամտությունների այլընտրանք, և վկայում են ծանր ճարպակալման բուժման համար բարիատրիկ վիրահատությունը քաշի նվազեցման ժամանակակից դեղամիջոցների հետ համակցելու հեռանկարայնության մասին։ Ըստ նրա՝ անհրաժեշտ են ավելի մեծածավալ և երկարատև հետազոտություններ՝ բուժառուների ավելի բազմազան խմբերի մասնակցությամբ։

Գիտնականներն ուշադրություն են դարձրել նաև ճարպակալման բուժման նոր դեղամիջոցների նկատմամբ աճող հետաքրքրությանը։ Մասնավորապես, վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ հորմոնալ ընկալիչների եռակի ագոնիստ ռետատրուտիդը կարող է ապահովել քաշի նվազում, որը համադրելի է բարիատրիկ վիրահատությունների արդյունքների հետ։

Միևնույն ժամանակ, մասնագետները նախազգուշացնում են, որ GLP-1 դասի դեղամիջոցների լայն կիրառումը կարող է խորացնել առողջապահության ոլորտում առկա անհավասարությունը, եթե բուժառուները հնարավորություն չունենան ստանալու դիետոլոգիական աջակցություն, առողջ սնունդ և երկարատև բժշկական ուղեկցում։ Հետազոտողների կարծիքով՝ այս դեղերի երկարաժամկետ հասարակական ազդեցությունը կախված կլինի ոչ միայն դրանց արդյունավետությունից, այլև բուժման հավասար հասանելիության ապահովումից։

Հրապարակումը համընկել է Novo Nordisk ընկերության կողմից ճարպակալման պահպանողական թերապիայի համար 7,2 մգ դեղաչափով սեմագլուտիդի նոր մեկանգամյա օգտագործման ներարկիչ-գրիչի շուկա դուրս բերման հետ։ Նախկինում նման դեղաչափի կարիք ունեցող բուժառուները ստիպված էին լինում շաբաթական մեկ անգամ միաժամանակ կատարել 2,4 մգ-ի երեք ներարկում։ Նոր ձևը հնարավորություն է տալիս ամբողջ դեղաչափը ներարկել մեկ ներարկումով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll