Երկու մարդանման ռոբոտ առաջին անգամ հաջողությամբ հեռակառավարվող վիրահատություններ է կատարել: Nature ամսագրում հրապարակված փորձը նշանավորում է բժշկության մեջ մարդանման ռոբոտների կիրառման առաջին քայլը։
Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի հետազոտողները երկու վիրահատություն են կատարել խոշոր կենդանիների վրա: Մի դեպքում ռոբոտն աշխատել է մարդ-վիրաբույժի հետ միասին, իսկ երկրորդում երկու ռոբոտները վիրահատությունը կատարել են համատեղ։
«Surgie» անունն ստացած ռոբոտները մոտավորապես 1.5 մետր բարձրություն ունեն և կշռում են ընդամենը 27 կիլոգրամ: Ի տարբերություն այսօրվա մասնագիտացված վիրաբուժական համակարգերի, որոնք զբաղեցնում են մեծ տարածք և նախատեսված են սահմանափակ թվով վիրահատությունների համար, մարդանման ռոբոտները կարող են օգտագործել ընդհանուր գործիքներ և գործել տարբեր պայմաններում։
Գիտնականների կարծիքով՝ նման մեքենաները կարող են օգնել ապագայում օգնել վիրաբույժների պակասի խնդրի լուծմանը: Դրանք կարող են օգտագործվել հեռավոր շրջաններում, փոքր հիվանդանոցներում, աղետի գոտիներում և նույնիսկ տիեզերական առաքելություններում, որտեղ բուժմասնագետների հասանելիությունը սահմանափակ է:
Փորձի ընթացքում ռոբոտի ճշգրտությունը համեմատելի է եղել վիրաբուժության առկա հեռակառավարվող համակարգերի հետ։ Սակայն տեխնոլոգիան դեռևս կատարելագործման կարիք ունի. վիրահատությունները դեռևս ավելի երկար ժամանակ են զբաղեցնում, իսկ կապի ուշացումները և ռոբոտի վերակարգավորման անհրաժեշտությունը շարունակում են խնդիր մնալ։
Ապագայում հետազոտողները մարդակերպ ռոբոտներին պատկերացնում են ոչ միայն որպես «ռոբոտ-վիրաբույժներ», այլև որպես ունիվերսալ օգնականներ վիրահատարանում՝ գործիքներ տալուց մինչև սենյակի պատրաստումը։
Գիտնականները կարծում են, որ նման տեխնոլոգիաների զարգացումը կարող է հանգեցնել բժշկության նոր մոդելի, որտեղ մարդիկ և ռոբոտները կաշխատեն միասին՝ օգնելով պացիենտներին այնտեղ, որտեղ այսօր բժիշկների պակաս է զգացվում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day