• Latest news

Նշվել են 29 գործոններ, որոնք մարդուն պահում են քրոնիկական ուժասպառման վիճակում

23 մայիսի, 2026  15:27

Կոպենհագենի համալսարանի անցկացրած հետազոտրությունը ավելի բարդ պատկերացում է տալիս երիտասարդների քնի և հոգեկան առողջության հետ կապված աճող խնդիրների մասին։

Արդյունքները հրապարակվել են BMC Medicine ամսագրում։

Հեղինակները նշել են, որ քնի խանգարումները, տագնապայնությունը և դեպրեսիվ ախտանշաններն ավելի ու ավելի տարածված են 18-40 տարիքային խմբում և հաճախ համակցվում են՝ սրելով միմյանց։

Հետազոտության հիմնական գաղափարն այն է, որ այդ խնդիրները չեն կարող բացատրվել մեկ պատճառով։ Դրա փոխարեն հետազոտողներն ուսումնասիրել են բազմաթիվ փոխկապակցված գործոնների համակարգ՝ կենսաբանական, հոգեբանական և սոցիալական։ Մոդելը ներառել է 29 փոփոխական, այդ թվում՝ սթրեսի մակարդակը, էկրանների օգտագործման սովորությունները, ծխելը, ֆիզիկական ակտիվությունը, սոցիալական հարաբերությունների որակը, օրգանիզմում բորբոքային գործընթացները և այլ ցուցանիշներ։

Տարբեր ոլորտների (քնի բժշկության, հոգեբանության, սոցիոլոգիայի, համաճարակաբանության և կենսաբանության) մասնագետների փորձագիտական ​​գնահատականների հիման վրա կառուցվել է գործոնների ավելի լայն «փոխազդեցության քարտեզ»։ Այն նույնականացնում է 175 պատճառահետևանքային կապեր և հնարավոր է՝ հազարավոր օղակներ, որոնք կարող են պահպանել և խորացնել քնի և տրամադրության հետ կապված խնդիրները։

Հետազոտողների բացահայտած հիմնական մեխանիզմն այսպես կոչված ինքնապահպանվող կամ «արատավոր» ցիկլերն են: Օրինակ՝ սթրեսը և տագնապայնությունը խաթարում են քունը, վատ քունը սրում է դեպրեսիվ ախտանշանները, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել իրավիճակն էլ ավելի վատթարացնող վարքագծի: Օրինակներից մեկում նկարագրվում է ծխելու հետ կապված շղթայական ռեակցիան. մարդն սկսում է ավելի շատ ծխել հոգնածության և լարվածության պատճառով, նիկոտինը խաթարում է քնի որակը, քունը դառնում է ավելի մասնատված, ինչը սրում է դեպրեսիան և էլ ավելի է մեծացնում ծխելու հավանականությունը:

Այսպիսով, խնդիրը ներկայացվում է ոչ թե որպես գծային «պատճառահետևանքային» կապ, այլ որպես փոխադարձաբար ուժեղացող գործընթացների ցանց, որտեղ մեկ տարրի փոփոխությունները կարող են առաջացնել հետևանքների մի ամբողջ շարք մյուսներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll