• Latest news

Հետազոտությունը կասկածի տակ է դրել կանաբիսի՝ տղամարդկանց հորմոնների վրա ազդեցության մասին հին պատկերացումները

1 հունիսի, 2026  19:26

Ժնևի համալսարանի հետազոտողները՝ Կիրառական մարդկային տոքսիկոլոգիայի շվեյցարական կենտրոնի (Swiss Center for Applied Human Toxicology) հետ համատեղ, ներկայացրել են տվյալներ, որոնք կասկածի տակ են դնում այն տարածված կարծիքը, ըստ որի կանաբիսի (կանեփի) օգտագործումը նվազեցնում է տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը և բացասաբար է անդրադառնում հորմոնալ համակարգի վրա:

Ըստ աշխատանքի արդյունքների՝ կանաբիսի օգտագործումը կապված չէ երիտասարդ տղամարդկանց տեստոստերոնի մակարդակի նվազման հետ: Ավելին, հետազոտողները ամորձիներում այս հորմոնի սինթեզի ուժեղացման նշաններ են հայտնաբերել: Այնուամենայնիվ, գիտնականներն ընդգծում են, որ տեստոստերոնի մակարդակի բարձրացումը չպետք է դիտարկվի որպես պտղաբերության բարելավման ցուցանիշ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Medicine բժշկագիտական հանդեսում և հիմնված են շվեյցարացի 94 զորակոչիկների արյան պլազմայի նմուշների վերլուծության վրա:

Բացի դրանից, հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել երկու նոր հորմոնալ բիոմարկերներ, որոնք պոտենցիալ կերպով կարող են օգտագործվել կանաբիսի կանոնավոր օգտագործումը հայտնաբերելու համար:

Վերարտադրողական համակարգի վրա կանաբիսի ազդեցության շուրջ անդադար վեճերը

Մի շարք նախորդ հետազոտություններ մատնանշում էին կանաբիս օգտագործողների շրջանում սպերմատոզոիդների քանակի, դրանց խտության և շարժունակության հնարավոր նվազման մասին:

Ենթադրվում է, որ այդ հետևանքները կապված են էնդոկանաբինոիդային համակարգի հետ՝ ընկալիչների և ազդանշանային մոլեկուլների մի ցանցի, որն առկա է ինչպես գլխուղեղում, այնպես էլ վերարտադրողական օրգաններում և փոխազդում է սեռական հորմոնների հետ:

Մինչդեռ տեստոստերոնի մակարդակի վրա կանաբիսի ազդեցության մասին տվյալները մնում էին հակասական:

Ավելի ամբողջական պատկեր ստանալու համար գիտնականները վերլուծել են 18-23 տարեկան տղամարդկանց արյան մեջ ստերոիդ հորմոնների լայն շրջանակ: Հետազոտության մեջ ընդգրկվել են կանաբիս օգտագործող 47 անձ և վերահսկիչ խմբի 47 մասնակից:

Ի տարբերություն նախորդ աշխատանքների մեծամասնության, որոնք կենտրոնացած էին բացառապես տեստոստերոնի վրա, նոր աշխատանքն ընդգրկել է հարյուրավոր հորմոնալ միացություններ, դրանց թվում՝ անդրոգեններ, էստրոգեններ և պրոգեստագեններ։

Տեստոստերոնի մակարդակի բարձրացում

Վերլուծությունը ցույց է տվել, որ կանաբիս օգտագործողների շրջանում տեստոստերոնի մակարդակը մոտ 23%-ով ավելի բարձր է եղել, քան այն չօգտագործող մասնակիցների շրջանում:

Ըստ պրոֆեսոր Սերժ Ռուդազի՝ ընդլայնված վերլուծությունը հնարավորություն է տվել պարզել այդ բարձրացման աղբյուրը.

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ կանաբիսի օգտագործումը կապված է երիտասարդ տղամարդկանց շրջանում տեստոստերոնի մակարդակի մոտավորապես 23 տոկոսով աճի հետ: Վերլուծելով անդրոգենների ամբողջ շրջանակը՝ մենք կարողացանք պարզել, որ այդ բարձրացումը տեղի է ունենում անմիջապես ամորձիներում, մինչդեռ մակերիկամներում անդրոգենների արտադրությունը չի փոխվում»:

Ստացված տվյալները վկայում են նրա մասին, որ կանաբիսը կարող է ուղղակիորեն ազդել Լեյդիգի բջիջների՝ տեստոստերոնի սինթեզի համար պատասխանատու ամորձիների բջիջների վրա:

Հայտնաբերվել են նոր բիոմարկերներ

Ընդլայնված հորմոնալ վերլուծությունը միաժամանակ հնարավորություն է տվել հայտնաբերել կանաբիսի օգտագործման երկու պոտենցիալ բիոմարկեր.

. 11β-հիդրոքսիպրոգեստերոն (11B-OHP4),

. 5β-դիհիդրոպրոգեստերոն (5B-DHP4):

Երկու միացություններն էլ կարևոր սեռական հորմոնի՝ փոխանակության արգասիքներ պրոգեստերոնի մետաբոլիտներ են:

Դրանց խտությունը զգալիորեն բարձր է եղել կանաբիս օգտագործողների շրջանում, ինչը դրանց դարձնում է հեռանկարային մարկերներ՝ այս նյութի կանոնավոր օգտագործմանն առնչվող հորմոնալ փոփոխությունները հայտնաբերելու համար:

Հետազոտության առաջին հեղինակ Մատյե Գալմիշը նշել է, որ այդ բացահայտումն ընդգծում է այն հորմոնների ուսումնասիրության անհրաժեշտությունը, որոնց նախկինում բավարար ուշադրություն չէր դարձվում տղամարդու վերարտադրողական համակարգի հետազոտություններում:

Սերմնահեղուկի որակի հետ փոխադարձ կապ չի հայտնաբերվել

Չնայած տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը՝ հետազոտողները շեշտում են, որ դա չի վկայում սերմնահեղուկի որակի կամ պտղաբերության բարելավման մասին:

Տեստոստերոնի և վերարտադրողական գործառույթի միջև կապը մնում է բարդ: Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ օրգանիզմը կանաբիսի ազդեցության տակ անդրոգենային ընկալիչների զգայունության նվազումը փոխհատուցում է հորմոնի ուժեղացված արտադրության հաշվին:

Բացի դրանից, բացառված չէ, որ ի սկզբանե տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ ավելի հակված լինեն ռիսկային վարքագծի և, հետևաբար, ավելի հաճախ են կանաբիս օգտագործում:

Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ

Թեև աշխատանքը ցույց է տալիս, որ կանաբիսն ընդունակ է ազդել տղամարդու վերարտադրողական համակարգի հետ կապված որոշ մեխանիզմների վրա, այս փոփոխությունների կլինիկական նշանակությունը դեռևս անորոշ է մնում:

Գիտնականներն ընդգծում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը՝ թունավորության հնարավոր շեմը որոշելու և կանաբիսի օգտագործման երկարաժամկետ հետևանքները գնահատելու համար:

Առայժմ, հետազոտության արդյունքները կասկածի տակ են դնում այն տարածված պատկերացումը, ըստ որի կանաբիսն անխուսափելիորեն նվազեցնում է երիտասարդ տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը, սակայն դրա ազդեցությունը պտղաբերության վրա դեռևս բաց հարց է մնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll