• Latest news

Ինչու է վիտամին B12-ի նույնիսկ փոքր քանակությունը հատկապես կարևոր դառնում տարիքի հետ

16 հունիսի, 2026  10:51

Վիտամին B12-ն օրգանիզմին անհրաժեշտ է չափազանց քիչ քանակությամբ՝ օրական մոտ երկու միկրոգրամ, սակայն այն առանցքային դեր է խաղում արյան կարմիր բջիջների առաջացման, նյարդային համակարգի գործունեության և ԴՆԹ-ի սինթեզի հարցում։

B12 վիտամինի պատմությունն սկսվել է հարյուր տարի առաջ, երբ գիտնականները պարզեցին, որ լյարդով հարուստ սննդակարգը կարող է բուժել պերնիցիոզ սակավարյունությունը՝ մի հիվանդություն, որն այդ ժամանակ հաճախ մահվան էր հանգեցնում։ Այս բացահայտումն ի վերջո հանգեցրեց նրան, որ վիտամին B12-ն առանձնացվեց որպես արյունաստեղծման վերականգնման համար պատասխանատու ակտիվ նյութ։

Չնայած իր կարևորությանը՝ B12 վիտամինի պակասը տարածված խնդիր է, հատկապես տարեցների, վեգանների, վեգետարանականների և ներծծման խանգարումներ ունեցող մարդկանց շրջանում։ Վիտամինի հիմնական աղբյուրը կենդանական ծագման մթերքներն են՝ միսը, ձուկը, ձուն և կաթնամթերքը։

Տարիքի հետ դեֆիցիտի վտանգը մեծանում է, դա կապված է այ բանի հետ, տարիքի հետ նվազում է ստամոքսի թթվայնությունը, որն անհրաժեշտ է սննդից B12-ն առանձնացնելու համար։ Որոշ դեպքերում աուտոիմուն հիվանդությունները վնասում են ստամոքսի այն բջիջները, որոնք արտադրում են «ներքին գործոն» կոչվող սպիտակուցը, որն էլ անհրաժեշտ է վիտամինի յուրացման համար։ Ներծծման վրա կարող են ազդել նաև որոշ դեղամիջոցներ և քաշի նվազեցմանն ուղղված վիրահատությունները։

Դեֆիցիտի ախտանիշները զարգանում են աստիճանաբար և հաճախ շփոթվում են բնականոն ծերացման հետ։ Դրանց թվում են հոգնածությունը, թուլությունը, հևոցը, վերջույթների թմրածությունն ու ծակծկոցը, հավասարակշռության խախտումը, հիշողության հետ կապված խնդիրները և ճանաչողական ֆունկցիաների անկումը։ Այս նշանները յուրահատուկ չեն միայն այս հիվանդությանը և ախտորոշման հաստատման համար անհրաժեշտ է հետազոտություն։

Ավանդաբար, B12-ի պակասի ժամանակ առաջացող հոգնածությունը կապում են սակավարյունության հետ, որն առաջանում է նորմալ էրիթրոցիտների ձևավորման խաթարման պատճառով։ Սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ էներգիայի պակասը կարող է կապ չունենալ սակավարյունության հետ։

Վիտամին B12-ն անհրաժեշտ է ընդամենը երկու հիմնական ֆերմենտների աշխատանքի համար. դրանցից մեկը մասնակցում է ԴՆԹ-ի սինթեզին, իսկ մյուսը՝ միտոքոնդրիումներում նյութափոխանակությանը։ Միտոքոնդրիումները պատասխանատու են բջիջներում էներգիայի արտադրության համար, և հետազոտության տվյալները փաստում են, որ B12-ի դեֆիցիտը կարող է խաթարել դրանց աշխատանքը։

Բջջային մոդելների և կենդանիների վրա կատարված վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամինի պակասը կարող է վնասել միտոքոնդրիալ ԴՆԹ-ն և նվազեցնել մկանային բջիջներում էներգիայի արտադրությունը։ Ծեր կենդանիների մոտ B12-ի հավելումները բարելավել են միտոքոնդրիումների առողջության ցուցանիշները, ինչն էլ կարող է բացատրել դեֆիցիտի ժամանակ առաջացող հոգնածությունը։

Այդուհանդերձ, գիտնականներն ընդգծում են, որ այս արդյունքները չեն նշանակում, թե B12-ի հավելումները կամ ներարկումները կարող են որպես էներգիայի բարձրացման համընդհանուր միջոց ծառայել այն մարդկանց համար, ում մոտ վիտամինի մակարդակը նորմայի սահմաններում է։

B12 վիտամինի ներարկումներն իսկապես արդյունավետ են հաստատված դեֆիցիտի դեպքում, սակայն առողջ մարդկանց մոտ էներգիան բարձրացնելու, քաշը նվազեցնելու կամ աշխատունակությունը բարելավելու հարցում դրանց օգտակարության մասին ապացույցներ գրեթե չկան։

Ընդհանուր առմամբ, վիտամին B12-ի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես նույնիսկ նյութի չափազանց փոքր քանակությունը կարող է էականորեն ազդել առողջության վրա։ Դա առանձնահատուկ ուշադրության է արժանի հատկապես տարեց անձանց մոտ, քանի որ տարիքի հետ օրգանիզմը չի կարողանում յուրացնել այն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll