• Latest news

Սրտում ռեգեներացիայի ընդունակ բջիջների թաքնված պոպուլյացիա է հայտնաբերվել

25 հունիսի, 2026  12:37

Կարլոս III-ի անվան սրտանոթային հետազոտությունների իսպանական ազգային կենտրոնի (CNIC) երկու հետազոտական խմբերը մշակել են նոր մեթոդ, որն առաջին անգամ հնարավորություն է տալիս մանրամասնորեն վերլուծել սրտամկանի առանձին բջիջների պրոտեոմը։ Genome Biology ամսագրում հրապարակված աշխատությունը ցույց է տվել, որ «Myc» առանցքային կարգավորիչը տարբեր կերպ է ազդում առանձին կարդիոմիոցիտների սպիտակուցային կազմի վրա և կարող է գործարկել սիրտը վերականգնելու ներուժով օժտված բջիջների մի առանձնահատուկ ենթախմբի ձևավորումը։

Կարդիոմիոցիտները սրտի կրճատումն ապահովող բջիջներն են։ Չնայած նույնական գործառույթին՝ ժամանակակից հետազոտությունները փաստում են, որ նույն տիպի բջիջները նույնիսկ կարող են էապես տարբերվել իրենց վիճակով ու դերով։ Բջջային պոպուլյացիաների հենց այս ներքին «անհամասեռությունն» էլ վերջին տարիներին դարձել է կենսաբժշկության հիմնական ուղղություններից մեկը։

CNIC-ի գիտնականները՝ Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի գործընկերների հետ համատեղ, մշակել են մի տեխնոլոգիա, որը համադրում է բջիջների անջատման մեթոդները, բարձր թույլատվության մաս-սպեկտրամետրիան և տվյալների մշակման նոր ալգորիթմները։ Սա թույլ է տվել պատմության մեջ առաջին անգամ գնահատել առանձին կարդիոմիոցիտների սպիտակուցների ամբողջական հավաքածուն։

Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել «Myc» տրանսկրիպցիոն գործոնին, որը նախկինում դիտարկվել է որպես ինֆարկտից հետո սրտի վերականգնողական թերապիայի հեռանկարային գործիք։ Այդուհանդերձ, առանձին բջիջների մակարդակով դրա ազդեցության հստակ մեխանիզմը մինչ այժմ անհայտ է մնում։

Ըստ նոր ուսումնասիրության՝ «Myc»-ի ակտիվացումը տարբեր կարդիոմիոցիտներում անհամաչափ փոփոխություններ է առաջացնում. այն յուրովի է անդրադառնում նյութափոխանակության ֆերմենտների մակարդակի վրա՝ ձևավորելով բջջային վիճակների մի ողջ համակարգ՝ ավելի հասուն ձևերից մինչև ֆունկցիոնալ առումով «երիտասարդացված» բջիջներ։

Հեղինակների խոսքով՝ հենց այս բազմազանությունն էլ հանգեցնում է կարդիոմիոցիտների մի առանձին ենթախմբի ձևավորմանը, որոնք իրենց մեջ պարունակում են վերականգնողական ներուժի հատկանիշներ։ Ըստ էության, խոսքն այն բջիջների մասին է, որոնք հատկություններ են ձեռք բերում՝ մոտենալով վնասված սրտի հյուսվածքը վերականգնելու կարողությանը։

Հետազոտության ղեկավարներ Միգել Տորեսի և Խեսուս Վասկեսի փոխանցմամբ՝ ստացված տվյալները թույլ են տալիս ավելի խորությամբ հասկանալ «Myc»-ի ազդեցության մեխանիզմը և նոր հնարավորություններ են բացում այնպիսի թերապիաների մշակման համար, որոնք ուղղված կլինեն վնասվածքներից հետո սրտի վերականգնմանը։

Ավելի վաղ Տորեսի խումբն արդեն ցույց էր տվել, որ «Myc»-ի ակտիվացումը կարող է նպաստել չափահաս կաթնասունների մոտ ինֆարկտից հետո սրտի վերականգնմանը։ Սակայն մինչ այս պահը պարզ չէր, թե ինչու է այդ արդյունքն անհամաչափ դրսևորվում, և որոնք են դրա հիմքում ընկած բջջային մեխանիզմները։

Հեղինակներն ընդգծում են, որ առանձին բջիջների վերլուծության այս նոր տեխնոլոգիան կարող է կարևոր գործիք դառնալ ոչ միայն սրտաբանության մեջ, այլև բժշկության մյուս բնագավառներում, որտեղ կենսականորեն անհրաժեշտ է հաշվի առնել նույն տիպի բջիջների միջև առկա տարբերությունները՝ ուռուցքաբանությունից մինչև նյարդադեգեներատիվ հիվանդություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll