Հետազոտողները պարզել են, որ երեկոյան ժամերին պայծառ արհեստական լույսի ազդեցությունը կարող է կապված լինել ավելի ուշ տարիքում աչքի լուրջ հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ։ Աշխատանքը հրապարակվել է «GeroScience» ամսագրում։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ամենաբարձր ռիսկը նկատվում է մոտավորապես ժամը 20:00-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում 1000 լյուքսից ավելի բարձր ինտենսիվությամբ լույսի ազդեցության դեպքում։ Նման պայմաններում մասնակիցների մոտ մեծացել է տարիքային մակուլյար դեգեներացիայի, կատարակտի և գլաուկոմայի զարգացման հավանականությունը։
Գիտնականներն ընդգծում են, որ խոսքը ստանդարտ տնային լուսավորության մասին չէ։ Սովորական կենցաղային լամպերը տալիս են մոտավորապես 100–500 լյուքս լուսավորվածություն, ինչը զգալիորեն ցածր է հայտնաբերված ռիսկի շեմից։ Պոտենցիալ վտանգավոր է համարվում ավելի ինտենսիվ լույսը, որն ստացվում է օրինակ՝ վառ էկրաններից, մասնագիտական սարքավորումներից կամ աշխատանքային հատուկ պայմաններից։
Հետազոտության մեջ օգտագործվել են «UK Biobank» նախագծի ավելի քան 82 հազար մասնակիցների տվյալները։ Այն մարդիկ, որոնք դիտարկումների սկզբում արդեն աչքի հիվանդություններ ունեին, բացառվել են վերլուծությունից՝ միայն նոր դեպքերին հետևելու համար։
Մասնակիցները մեկ շաբաթ շարունակ կրել են կրելի սարքեր, որոնք բարձր հաճախականությամբ ֆիքսել են լուսավորվածության մակարդակը և շարժումները։ Այնուհետև նրանց առողջական վիճակին հետևել են միջինում մոտ ութ տարի։
Վերլուծությունը հստակ կախվածություն է ցույց տվել․ 1000 լյուքսից բարձր երեկոյան լույսի կանոնավոր ազդեցության դեպքում ռիսկը մեծացել է 31%-ով՝ տարիքային մակուլյար դեգեներացիայի, 18%-ով՝ կատարակտի և 47%-ով՝ առաջնային բացանկյուն գլաուկոմայի համար։ Որքան երկար է մարդը ենթարկվել երեկոյան ժամերին պայծառ լույսի ազդեցությանը, այնքան ավելի բարձր է եղել ռիսկը։
Աշխատանքի հեղինակները նշում են, որ աչքերը կարևոր դեր են խաղում ոչ միայն տեսողության ձևավորման, այլև օրգանիզմի ցիրկադային ռիթմերի կարգավորման գործում։ Այս ռիթմերի խախտումը, ինչպես նաև ժամանակակից լուսադիոդային (LED) աղբյուրների կապույտ լույսի ազդեցությունը կարող են օքսիդատիվ սթրես առաջացնել և վնասել ցանցաթաղանթի ու ոսպնյակի զգայուն բջիջները։
Հետազոտողները ենթադրում են, որ երեկոյան լուսավորությունը կարող է լինել փոփոխվող ռիսկի գործոն, ինչը նշանակում է, որ այն կարող է կանխարգելման պոտենցիալ ուղղություն հանդիսանալ։ Որպես հնարավոր միջոցներ՝ նրանք նշում են էկրանների պայծառությունը նվազեցնելը և քնելուց առաջ ավելի մեղմ լուսավորություն օգտագործելը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day