Արյան անալիզի միևնույն ցուցանիշը տղամարդկանց և կանանց մոտ կարող է ուղեղի վնասվածության տարբեր աստիճան մատնանշել։ Նման եզրակացության են եկել չինացի հետազոտողները, որոնց գիտական տվյալների ամփոփումը հրապարակվել է «Brain Medicine» ամսագրում։ Հեղինակների կարծիքով՝ Ալցհեյմերի հիվանդության ամենախոստումնալից բիոմարկերներից մեկի արդյունքները մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել պացիենտի սեռը։
Խոսքը նեյրոֆիլամենտի թեթև շղթայի (NfL) սպիտակուցի մասին է։ Այն նյարդային բջիջների ներքին կառուցվածքի մասն է և արյան մեջ է թափանցում նեյրոնների երկար ելուստների՝ աքսոնների վնասման ժամանակ։ Ինքնին այս սպիտակուցը չի մատնանշում որևէ կոնկրետ հիվանդություն, սակայն համարվում է նյարդային բջիջների մահացման արագության հուսալի ինդիկատոր։ Հենց այդ պատճառով էլ այն ավելի ու ավելի հաճախ է կիրառվում Ալցհեյմերի հիվանդության և այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջխաղացումը գնահատելու համար։
Ֆուդանի և Ուհանի համալսարանները ներկայացնող հետազոտության հեղինակները վերլուծել են վերջին տասնամյակում հրապարակված գիտական աշխատությունների արդյունքները։ Նրանք նշում են, որ NfL-ի մակարդակը բարձրանում է ոչ միայն դեմենցիայով տառապող պացիենտների մոտ, այլև հիվանդության ամենավաղ փուլերում՝ դեռևս մինչև առաջին ախտանշանների ի հայտ գալը։ Ալցհեյմերի հիվանդության ժառանգական ձևերն ունեցողների շրջանում արյան մեջ սպիտակուցի խտության աճը կարող է նկատվել հիշողության խանգարումների սպասվող մեկնարկից նույնիսկ 15 տարի առաջ։
Ուսումնասիրությունները նաև փաստում են, որ NfL-ի ավելի բարձր մակարդակը կապված է ճանաչողական թեստերի վատ արդյունքների, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) տվյալներով՝ հիպոկամպի ծավալի փոքրացման և պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի (ՊԷՏ) միջոցով հայտնաբերվող ուղեղի ակտիվության անկման հետ։
Հեղինակներն առանձնակի ուշադրություն են դարձրել տղամարդկանց և կանանց միջև առկա տարբերություններին։ Երեք անկախ հետազոտությունների տվյալների համաձայն՝ տղամարդկանց մոտ NfL մակարդակի նույնպիսի աճն ուղեկցվել է հիշողության, ուղեղի ֆունկցիաների և կառուցվածքի ավելի արտահայտված վատթարացմամբ, քան կանանց մոտ։ Սա նշանակում է, որ արյան անալիզի միևնույն ցուցանիշը կարող է արտացոլել հիվանդության զարգացման տարբեր աստիճաններ։
«Այս բիոմարկերի մեկնաբանման համընդհանուր մոտեցումն այլևս չի կարող արդարացված համարվել։ Տղամարդու մոտ NfL-ի չափավոր ցուցանիշը կարող է վկայել հիվանդության ավելի խորացված ընթացքի մասին, քան կնոջ մոտ արձանագրված նույնպիսի ցուցանիշը»,- նշել է հետազոտության ղեկավար Ինֆեն Սյան։
Գիտնականները դեռևս չգիտեն, թե ինչով է պայմանավորված այս տարբերությունը։ Որպես հնարավոր բացատրություն դիտարկվում են ուղեղի իմունային արձագանքի առանձնահատկությունները, սեռական հորմոնների ազդեցությունը և տղամարդկանց ու կանանց ուղեղի չափսերի տարբերությունները։ Սակայն այս բոլոր վարկածները դեռևս լրացուցիչ հաստատման կարիք ունեն։
Հեղինակներն ընդգծում են, որ եղած տվյալները դեռևս բավարար չեն կլինիկական հանձնարարականներում փոփոխություններ մտցնելու համար։ Նրանց կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինեն լայնածավալ միջազգային հետազոտությունները, որոնք թույլ կտան NfL-ի առանձին նորմատիվային արժեքներ
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day