• Latest news

Հանրաճանաչ սպորտային հավելումն անսպասելիորեն օգտակար է գտնվել դեպրեսիայի դեպքում

2 հուլիսի, 2026  13:23

Կրեատինը, որը մարզիկների և ուժային մարզումներով զբաղվողների շրջանում ամենահանրաճանաչ սննդային հավելումներից է, կարող է ոչ միայն բարձրացնել ֆիզիկական դիմացկունությունը, այլև պոտենցիալ կերպով օգնել դեպրեսիայի բուժման հարցում: Այսպիսի եզրակացության են եկել Brain Medicine ամսագրում հրապարակված նոր ակնարկի հեղինակները: Այնուամենայնիվ, հետազոտողներն ընդգծում են, որ առկա տվյալները դեռևս բավարար չեն կրեատինը որպես բուժման մեթոդ հանձնարարելու համար:

Կրեատինը բնական միացություն է, որն օգնում է բջիջներին էներգիա արտադրել: Մարդու օրգանիզմն այն սինթեզում է ինքնուրույն, ինչպես նաև ստանում է սննդի՝ գլխավորապես մսի, թռչնամսի և ձկան միջոցով: Բացի այդ, կրեատինը լայնորեն օգտագործվում է սպորտային հավելումների տեսքով՝ ուժն ավելացնելու և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո վերականգնումն արագացնելու համար:

Թեև կրեատինն առաջին հերթին հայտնի է մկանների վրա իր ազդեցությամբ, այն առկա է նաև գլխուղեղի բջիջներում: Հենց այդ պատճառով էլ գիտնականները վերջին տարիներին սկսել են ուսումնասիրել դրա հնարավոր դերը հոգեկան առողջության պահպանման գործում:

Նոր ակնարկում մասնագետները վերլուծել են հինգ պատահականացված (ռանդոմիզացված) կլինիկական հետազոտությունների արդյունքներ, որոնց մասնակցել է դեպրեսիայով կամ բիպոլյար խանգարմամբ տառապող 238 մարդ:

Մեծ դեպրեսիվ խանգարում ունեցող պացիենտների շրջանում անցկացված երկու հետազոտություններ ցույց են տվել դրական արդյունք: Մի դեպքում կրեատինի ավելացումը էսցիտալոպրամ հակադեպրեսանտին ուժեղացրել է դեպրեսիայի ախտանիշների նվազումը: Մեկ այլ հետազոտության մեջ հավելումների ընդունումը բարձրացրել է կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի արդյունավետությունը:

Սակայն մյուս երեք կլինիկական փորձարկումները, ներառյալ բիպոլյար խանգարում ունեցող պացիենտների մասնակցությամբ հետազոտությունը, ստուգիչ (կոնտրոլ) խմբերի համեմատ որևէ նկատելի առավելություն չեն հայտնաբերել:

Ընդհանուր առմամբ, կրեատինը լավ է տարվել հետազոտության մասնակիցների կողմից: Ամենատարածված կողմնակի ազդեցությունները եղել են աղեստամոքսային տրակտի թեթև խանգարումները:

Միևնույն ժամանակ, հետազոտողները ուշադրություն են դարձրել բիպոլյար խանգարում ունեցող մարդկանց համար հնարավոր ռիսկի վրա: Կրեատին ընդունող երկու մասնակիցների մոտ զարգացել է հիպոմանիա կամ մանիա՝ վիճակներ, որոնք բնորոշվում են ախտաբանական բարձր տրամադրությամբ, չափից ավելի ակտիվությամբ և քնի պահանջի նվազմամբ:

Հեղինակներն ընդգծում են, որ ստացված արդյունքները խոստումնալից են թվում հենց դեպրեսիայով պացիենտների համար, սակայն ապացուցված արդյունավետության մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Վերջնական եզրակացությունների համար անհրաժեշտ են ավելի մասշտաբային հետազոտություններ՝ մասնակիցների մեծ թվով և դիտարկման երկարատև ժամանակահատվածով:

«Ստացված ազդակը հետաքրքրություն է ներկայացնում, բայց սա դեռ վերջնական եզրակացություն չէ: Երկու հետազոտություն ցույց են տվել դրական արդյունք, իսկ երեքը՝ ոչ: Նման տվյալների հիման վրա չի կարելի փոխել կլինիկական պրակտիկան: Բայց դրանք ցույց են տալիս, որ այս հարցը միանշանակ արժանի է հետագա ուսումնասիրության»,- նշել է աշխատանքի առաջին հեղինակ, Կանադայի Օտտավայի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող Բասսամ Ջերիուս Ֆարեսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll