Գիտնականները մշակել են հակաքաղցկեղային նոր դեղամիջոց, որն ընդունակ է միաժամանակ ճնշել ուռուցքի աճը և շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի տարածումը օրգանիզմում: Ումեոյի համալսարանի մասնագետների միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացրած հետազոտության արդյունքները հրապարակվել են Signal Transduction and Targeted Therapy բժշկագիտական հանդեսում:
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենատարածված ուռուցքաբանական հիվանդություններից մեկն է: Դեպքերի մեծ մասում ուռուցքը զարգանում է դանդաղ և կյանքի համար անմիջական սպառնալիք չի ներկայացնում:
Սակայն բուժառուների մի մասի օրգանիզմում հիվանդությունն անցնում է ագրեսիվ ձևի, որի ժամանակ քաղցկեղային բջիջները տարածվում են այլ օրգաններ, առաջին հերթին՝ ավշային հանգույցներ և ոսկրեր:
Հետազոտողները մշակել են ամբողջությամբ մարդկային հակամարմին՝ դեղամիջոց, որը բաղկացած է բացառապես մարդկային ծագում ունեցող սպիտակուցներից: Սա այն պոտենցիալ կերպով դարձնում է ավելի համապատասխան որպես դեղամիջոց օգտագործելու համար: Շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի մոդելների վրա կատարված նախակլինիկական փորձարկումներում հակամարմինը հաջողությամբ ճնշել է ինչպես ուռուցքի աճը, այնպես էլ մետաստազների առաջացումը:
Նոր մոտեցումը հիմնված է ազդեցության նախկինում անհայտ մեխանիզմի վրա: Գիտնականները կարծում են, որ դեղամիջոցի աշխատանքի առանձնահատկությունների շնորհիվ ապագայում կողմնակի ազդեցությունների հավանականությունը կարող է ավելի ցածր լինել՝ համեմատած թերապիայի որոշ գոյություն ունեցող մեթոդների հետ:
Հետազոտողների գնահատմամբ՝ արդյունքները ցույց են տվել, որ մշակված բուժումն ազդում է հենց այնպես, ինչպես նախատեսվում էր, ինչը կարևոր փուլ է բուժառուների համար նոր դեղամիջոցի ստեղծման ճանապարհին:
Ընդսմին, նախքան մարդկանց վրա կիրառելը դեռ պետք է անցնել մի քանի փուլ: Անհրաժեշտ են անվտանգության լրացուցիչ հետազոտություններ, որից հետո դեղամիջոցը պետք է ստանա Եվրոպայի կամ ԱՄՆ-ի կարգավորող մարմինների հավանությունը:
Նախագծի գլխավոր նպատակն էր բարելավել շագանակագեղձի տարածված քաղցկեղ ունեցող տղամարդկանց կանխատեսումը և կյանքի որակը: Աշխատանքը շարունակվել է մի քանի տարի և դարձել բազմաթիվ հետազոտողների ու կազմակերպությունների համագործակցության արդյունք: Կարևոր դեր են խաղացել SciLifeLab Drug Discovery and Development Platform դեղերի մշակման հարթակի մասնագետները, որոնք օգնել են ստեղծել նոր դեղամիջոցի հիմքը դարձած հակամարմինը:
Հաջորդ փուլը կլինի այս թերապիայի կիրառման հնարավորության ուսումնասիրությունը պինդ ուռուցքների այլ տեսակների դեմ: Գիտնականները հույս ունեն, որ իրենց աշխատանքը ապագայում կհանգեցնի հակաքաղցկեղային նոր դեղամիջոցի հայտնվելուն, որն ընդունակ կլինի օգնել ավելի մեծ թվով բուժառուների:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day