Մարզումից առաջ մուգ շոկոլադի բույրը կարող է ոչ միայն բարձրացնել տրամադրությունը, այլև մեծացնել ֆիզիկական աշխատունակությունը: Նման եզրակացության են հանգել Մալայայի համալսարանի հետազոտողները, որոնց աշխատությունը հրապարակվել է Frontiers in Physiology բժշկագիտական հանդեսում:
Գիտնականները պարզել են, որ կակաոյի բարձր պարունակությամբ շոկոլադի բույրը շնչելը նվազեցնում է քաղցի զգացումը, պակասեցնում է ուտելու ցանկությունը և օգնում է մարդկանց ավելի կուշտ զգալ: Բացի դրանից, փորձի մասնակիցները կարողացել են ուժային վարժությունների ժամանակ ավելի շատ կրկնումներ կատարել՝ առանց զգալու, որ ծանրաբեռնվածությունն ավելի է ծանրացել:
«Շոկոլադի հոտի ազդեցությունն անմիջապես մարզումից առաջ և մոտեցումների միջև զգալիորեն մեծացրել է կատարված աշխատանքի ընդհանուր ծավալը՝ առանց հոգնածության սուբյեկտիվ զգացողության աճի»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Մոհամեդ Նաշրուդին բին Նահարուդինը:
Փորձին մասնակցել է մոտ 20–25 տարեկան 23 առողջ տղամարդ, ովքեր կանոնավոր կերպով զբաղվում էին ֆիզիկական մարզումներով: Նախքան ոտքերի ծալում վարժությունը կատարելը, նրանք շնչել են երեք բույրերից մեկը՝ 90% կակաոյի պարունակությամբ հեղուկ մուգ շոկոլադ, 60% կակաոյի պարունակությամբ կաթնային շոկոլադ կամ անհոտ ջուր:
Մարզումից առաջ և մոտեցումների ժամանակ հետազոտողները գնահատել են քաղցի մակարդակը, կուշտ լինելու զգացումը, ուտելու ցանկությունը և մոտակա ժամանակներս սնունդ ընդունելու մտադրությունը:
Արդյունքները ցույց են տվել, որ հենց մուգ շոկոլադի բույրն է ամենաուժեղն ազդել ախորժակի վրա. մասնակիցները հայտնել են նվազ քաղցի, ուտելու ցանկության թուլացման և ավելի մեծ հագեցվածության մասին: Կաթնային շոկոլադի հոտը մասնակիցների համար ավելի հաճելի է թվացել, սակայն գրեթե չի փոխել նրանց քաղցի զգացողությունը:
Ընդ որում, շոկոլադի բույրն ազդել է նաև մարզական ցուցանիշների վրա: 90%-անոց մուգ շոկոլադի հոտի ազդեցությունից հետո մասնակիցները ոտքերի տարածման վարժության ժամանակ կատարել են մոտավորապես 18 կրկնումով ավելի՝ ստուգիչ խմբի համեմատ: Կաթնային շոկոլադի հոտը տվել է մոտ 9 կրկնումի աճ:
Գիտնականները կարծում են, որ պատճառը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, թե ինչպես է ուղեղն ընկալում սննդի ծանոթ ազդակները: Ուտելիքի հոտն ընդունակ է գործի գցել սնունդ ընդունելու սպասումը և առաջացնել ռեակցիաներ, որոնք նման են ուտելուց հետո առաջացող զգացողություններին:
Հետազոտողների կարծիքով՝ մուգ շոկոլադի բույրը կարող է աշխատել որպես յուրօրինակ «հագեցման ազդանշան». ուղեղը դառը համն ու կակաոյի բարձր պարունակությունը կապում է սննդարար մթերքի հետ և նախապես օրգանիզմը փոխադրում է կուշտ վիճակի:
Կաթնային շոկոլադն այլ կերպ է գործում. դրա քաղցր բույրն ավելի շուտ ստեղծում է հաճելի հուզական մթնոլորտ և մեծացնում է մարզումից ստացած բավարարվածությունը, քան ազդում է ֆիզիոլոգիական քաղցի վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day