Հանրաճանաչ համեմունքները կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ աղիքների առողջության վրա, նպաստել ուղեղի աշխատանքին և նվազեցնել խրոնիկական հիվանդությունների առաջացման ռիսկը՝ շնորհիվ աղիքային միկրոբիոտայի վրա ունեցած ազդեցության: Նման եզրակացության են հանգել հետազոտողները, որոնք ամփոփիչ հոդված են հրապարակել Nutrition Reviews գիտական հանդեսում:
Հեղինակները վերլուծել են մարդկանց մասնակցությամբ իրականացված 8 կլինիկական հետազոտությունների, 12 լաբորատոր գիտափորձերի արդյունքները և մի շարք այլ գիտական աշխատանքների տվյալներ: Ամփոփման մեջ ներառվել են ամենատարածված համեմունքները, դրանց թվում՝ դարչինը, քրքումը, չիլի պղպեղը և տարբեր համեմունքային խառնուրդներ:
Գիտնականների տվյալներով՝ համեմունքներում պարունակվող պոլիֆենոլները գրեթե չեն ներծծվում ստամոքս-աղիքային տրակտի վերին հատվածներում: Դրա փոխարեն դրանք հասնում են հաստ աղիք, որտեղ դառնում են սննդի աղբյուր օգտակար բակտերիաների համար և նպաստում միկրոբիոտայի առողջ կազմի պահպանմանը:
Հետազոտողները նշում են, որ հենց աղիքային միկրոօրգանիզմների վրա ունեցած ազդեցության միջոցով պոլիֆենոլները կարող են նվազեցնել բորբոքային գործընթացները, պակասեցնել օքսիդացման սթրեսի արտահայտվածությունը, աջակցել սրտանոթային համակարգի առողջությանը և պաշտպանական ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա:
Միաժամանակ, հեղինակներն ընդգծում են, որ համեմունքների հնարավոր օգուտը կախված է բազմաթիվ գործոններից, ներառյալ՝ սննդակարգում դրանց քանակից, կերակրի պատրաստման եղանակից և նյութափոխանակության անհատական առանձնահատկություններից: Քանի որ մարդկանց մեծամասնությունը համեմունքներն օգտագործում է փոքր քանակությամբ, անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ առողջության վրա դրանց ազդեցությունն ավելի ճշգրիտ գնահատելու համար:
Ավելի վաղ գիտնականները հայտնել էին նաև, որ կուրկումինը՝ քրքումի ակտիվ նյութը, ընդունակ է բարելավել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկողությունը և 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց օրգանիզմում նվազեցնել բորբոքումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day