Ozempic-ի, Wegovy-ի, Zepbound-ի և Mounjaro-ի նման GLP-1 դեղամիջոցների ժողովրդականության կտրուկ աճի ֆոնին ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում այսպես կոչված «միկրոդոզավորմանը» (սահմանվածից ցածր չափաբաժինների կիրառմանը)։ Ամենից հաճախ դա արվում է բուժման ծախսերը կրճատելու, կողմնակի ազդեցությունները մեղմելու կամ քաշի կորստի արդյունքը պահպանելու համար։ Այնուամենայնիվ, մասնագետները զգուշացնում են, որ այս մոտեցման անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատող համոզիչ գիտական տվյալները դեռևս բավարար չեն։
Միկրոդոզավորում ասելով սովորաբար հասկանում են կլինիկական հետազոտություններում ուսումնասիրված չափաբաժիններից ավելի ցածր դեղաչափերի կիրառումը, ներարկումների միջև ընդմիջումների ավելացումը կամ շաբաթական դոզան մի քանի փոքր ներարկումների բաժանելը։ Չնայած որոշ պացիենտների դրական արձագանքներին՝ բուժման նման սխեմաները դեռևս բավարար գիտական գնահատական չեն ստացել։
Բժիշկների խոսքով՝ մարդիկ ամենից հաճախ անցնում են միկրոդոզավորման, որպեսզի թեթևացնեն սրտխառնոցն ու ստամոքսաղիքային տրակտի այլ կողմնակի ազդեցությունները, կրճատեն բուժման ծախսերը, ցանկալի արդյունքի հասնելուց հետո
Մասնագետները նշում են, որ GLP-1 պրեպարատների նկատմամբ զգայունությունը տարբեր մարդկանց մոտ էապես տարբերվում է, ինչի պատճառով էլ որոշ պացիենտներ իսկապես կարող են լավ արդյունքների հասնել ավելի փոքր դեղաչափերով։ Այնուամենայնիվ, եղած տվյալները դեռևս բավարար չեն պնդելու համար, որ միկրոդոզավորումն ապահովում է նույն երկարաժամկետ արդյունավետությունը, ինչ բուժման ստանդարտ սխեմաները։
Փորձագետները ահազանգում են, որ դեղաչափի ինքնագլուխ փոփոխությունը կարող է հանգեցնել սխալ չափաբաժնի կիրառման, դիաբետով պացիենտների մոտ գլյուկոզայի մակարդակի վերահսկողության վատթարացման, քաշի վերականգնման և անկանխատեսելի երկարաժամկետ հետևանքների։ Լրացուցիչ ռիսկեր են պարունակում նաև GLP-1-ի կոմպաունդացված պատրաստուկները, որոնք հաստատված չեն ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչության (FDA) կողմից և կարող են տարբերվել որակով, դեղաչափի ճշգրտությամբ ու անվտանգությամբ։
Բժիշկները ընդգծում են, որ անհատականացված թերապիան հնարավոր է, սակայն դեղաչափի ցանկացած փոփոխություն պետք է կատարվի բացառապես բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո։
Մասնագետների կարծիքով՝ GLP-1-ի միկրոդոզավորումը դեռևս մնում է փորձարարական մոտեցում։ Մինչև ավելի համոզիչ կլինիկական տվյալների ի հայտ գալը՝ դեղաչափը նվազեցնելու որոշումները պետք է կայացվեն բժշկի հետ համատեղ և հիմնվեն պացիենտի անհատական առանձնահատկությունների, այլ ոչ թե սոցիալական ցանցերի խորհուրդների վրա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day