• Latest news

Վառ երազները կարող են «լիցքաթափել» ուղեղը. գիտնականների նոր բացահայտումը

28 հուլիսի, 2026  21:36

Ճապոնիայի Տոհոկու համալսարանի հետազոտողները հայտնաբերել են ուղեղի աշխատանքի անսովոր առանձնահատկություն արագ քնի (REM) փուլում, երբ մարդը տեսնում է երազների մեծ մասը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Biology հանդեսում։

REM-քնի ժամանակ ուղեղը մնում է գրեթե նույնքան ակտիվ, որքան արթուն վիճակում։ Հետևելով մկների ուղեղին բնական քնի ընթացքում՝ գիտնականները պարզել են, որ այս փուլի մեկնարկից դեռևս մոտ 50 վայրկյան առաջ կտրուկ ուժեղանում է արյան հոսքը, ինչը նշանակում է, որ մեծանում է սննդանյութերի և թթվածնի մատակարարումը։

Սակայն դրան զուգահեռ հետազոտողները անսպասելի երևույթ են գրանցել. նեյրոններում նվազել է ԱԵՖ-ի` բջիջներն էներգիայով ապահովող հիմնական մոլեկուլի մակարդակը։ Աշխատության հեղինակների կարծիքով՝ դա կարող է նշանակել, որ վառ երազների ժամանակ ուղեղն էներգիան սպառում է այնքան ինտենսիվ, որ չի հասցնում վերականգնել դրա պաշարները։

Գիտնականները ենթադրում են, որ էներգիայի բարձր ծախսերը կապված են հիշողությունների ձևավորման և ամրապնդման գործընթացների, ինչպես նաև նեյրոնների միջև կապերի վերակառուցման հետ, որոնք տեղի են ունենում քնի ժամանակ։

Հեղինակները նշում են, որ ստացված արդյունքներն օգնում են ավելի լավ հասկանալ, թե ինչպես է ուղեղը բաշխում իր էներգետիկ ռեսուրսները։ Ի տարբերություն համակարգիչների՝ այն աշխատում է էներգիայի սահմանափակ պաշարի պայմաններում և ունակ է ճկուն կերպով այն ուղղել այնտեղ, որտեղ դա առավել անհրաժեշտ է։

Հետազոտողները հույս ունեն, որ այդ տվյալները կօգնեն ավելի խորապես հասկանալ քնի դերն ուղեղի աշխատանքում և բացատրել, թե ինչու է հագեցած երազներից հետո մարդը երբեմն արթնանում հոգնածության զգացումով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll