Հայաստանում բնակչության շուրջ 2%-ը վիրուսային հեպատիտների կրող է, ընդ որում, ինչպես աշխարհի շատ երկրներում, վարակվածների զգալի մասն անգամ տեղյակ չէ իր հիվանդության մասին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը՝ ընդգծելով, որ վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը մնում են այս հիվանդությունների դեմ պայքարի գլխավոր գործոնը։
Ըստ նրա՝ վիրուսային հեպատիտները մինչ օրս մնում են առողջապահական համակարգի խոշորագույն համաշխարհային մարտահրավերների թվում։ Սա հատկապես վերաբերում է B հեպատիտին. այսօր աշխարհում հաշվվում է քրոնիկ վարակով ապրող շուրջ 296 միլիոն մարդ։ «Եթե դիտարկենք սա որպես դինամիկ գործընթաց և հաշվի առնենք, որ պացիենտների 20–30%-ի մոտ կարող են զարգանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են լյարդի ցիռոզը և լյարդի առաջնային ուռուցքը՝ հեպատոցելյուլար քաղցկեղը, պարզ է դառնում, թե ինչու է սա ամենալուրջ մարտահրավերներից մեկը», — նշել է Ղազինյանը։ Նա ընդգծել է, որ խնդիրը բարդանում է ցածր ախտորոշման մակարդակով։ Միջազգային հետազոտությունների տվյալներով՝ ամբողջ աշխարհում ախտորոշվել է քրոնիկական վիրուսային B հեպատիտի դեպքերի միայն շուրջ 10%-ը։ Մնացած մարդիկ շարունակում են ապրել վարակով՝ առանց կասկածելու դրա առկայության մասին։ «Շատ պացիենտներ չգիտեն, որ ապրում են այս վիրուսի հետ։ Արդյունքում հիվանդությունը կարող է աստիճանաբար զարգանալ, իսկ բարդությունները՝ լյարդի ցիռոզն ու քաղցկեղը, հայտնաբերվել արդեն ուշ փուլերում», — ասել է ասոցիացիայի ղեկավարը։
Խոսելով Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ Ղազինյանը նշել է, որ բնակչության շրջանում B հեպատիտի տարածվածության մակարդակը կազմում է շուրջ 2%։ Ընդ որում, բնակչության իրազեկվածության մակարդակի առումով իրավիճակը նման է համաշխարհայինին. վարակվածների շատերը չգիտեն իրենց կարգավիճակի մասին։ «Հենց այդ պատճառով էլ մենք խոսում ենք մինչև 2030 թվականը վիրուսային հեպատիտների էլիմինացիային հասնելու անհրաժեշտության մասին, քանի որ դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության դրած նպատակն է», — ընդգծել է նա։ Մասնագետի խոսքով՝ մինչև 2030 թվականը մնացել է ընդամենը մի քանի տարի, և Հայաստանում իրականացվում են վիրուսային հեպատիտների վաղ հայտնաբերման, ախտորոշման և բուժման ռազմավարություններ։ Այդպիսի մեխանիզմներից մեկը բնակչության որոշակի խմբերի պարտադիր հետազոտությունն է։ Մասնավորապես, վիրահատական միջամտություններից առաջ պացիենտներն անցնում են B և C հեպատիտների թեստավորում։ Հետազոտման ենթակա են նաև հղի կանայք։ «Մենք ունենք թիրախային խմբեր, որոնք ի սկզբանե անցնում են այս վիրուսների մարկերների հետազոտությունները։ Վաղ հայտնաբերումը, ճիշտ ախտորոշումը և ժամանակին բուժումը հաջողության գրավական են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում», — նշել է Ղազինյանը։
Նա նաև պարզաբանել է, որ C հեպատիտի վիրուսի նկատմամբ հակամարմինների առկայությունը դեռևս չի նշանակում ակտիվ վարակի առկայություն։ Հիվանդությունը հաստատելու համար անհրաժեշտ է արյան մեջ հայտնաբերել հենց վիրուսը։ «C վիրուսային հեպատիտի ախտորոշումը դրվում է միայն վիրուսի հայտնաբերման դեպքում։ Այնքան էլ կարևոր չէ, թե հիվանդությունն ինչ փուլում է դրսևորվել, կամ արդյոք կան կլինիկական ախտանշաններ։ Գլխավորը ժամանակին վարակը հայտնաբերելն ու բուժումը սկսելն է», — ասել է մասնագետը։ Նրա խոսքով՝ վաղ ախտորոշումը թույլ է տալիս միանգամից լուծել երկու խնդիր՝ կանխել վարակի հետագա տարածումը պացիենտից մյուսների վրա և նվազեցնել հենց հիվանդի մոտ ծանր բարդությունների զարգացման ռիսկը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day