• Latest news

Մոտ 30 տարվա հանելուկ. գիտնականները պարզել են, թե ինչպես է սկսվում ընտանեկան միջերկրածովյան տենդը

8 օգոստոսի, 2026  15:41

Գիտնականները բացահայտել են ընտանեկան միջերկրածովյան տենդի (ԸՄՏ) բորբոքման նոպաների առաջացման մեխանիզմը, այն հազվադեպ ժառանգական հիվանդություն է, որը կապված է իմունային համակարգի դիսֆունկցիայի հետ: Հայտնագործությունը կարող է օգնել ախտորոշման և անհատականացված բուժման ավելի ճշգրիտ մեթոդների ստեղծմանը:

Երկու հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Science Immunology ամսագրում:

ԸՄՏ-ն առաջանում է MEFV գենի մուտացիաներից, որը պատասխանատու է պիրին սպիտակուցի արտադրության համար: Այս սպիտակուցը մասնակցում է օրգանիզմի բորբոքային համակարգի աշխատանքին և բջիջների ներսում գտնվող հատուկ համալիրի՝ ինֆլամազոմի մի մասն է, որն օգնում է արձագանքել վարակներին և այլ սպառնալիքների:

Սովորաբար պիրինի ակտիվությունը կարգավորվում է ինքնատիպ «արգելակով»: Բայց որոշակի մուտացիաների դեպքում այդ մեխանիզմը շարքից դուրս է գալից. պիրինային համալիրը դառնում է գերակտիվ, բջիջներն սկսում են մեծ քանակությամբ բորբոքային ազդանշաններ արտազատել, ինչը հանգեցնում է բարձր ջերմության և կրկնվող ցավոտ բորբոքման:

Գրեթե երեք տասնամյակ գիտնականները չեն կարողացել պատասխանել հիմնական հարցին. այս «արգելակը» հանելուց հետո պիրինը ո՞ր սպիտակուցի հետ է փոխազդում: Հետազոտողները պարզել են, որ պիրինի հիմնական գործընկերը CDC42 անունով փոքր սպիտակուցն է, որը նախկինում հայտնի էր հիմնականում բջիջների ձևի և շարժման կարգավորման մեջ ունեցած իր դերով:

Հետազոտություններից մեկում գիտնականները հետազոտել են ծանր բորբոքային ախտանիշներ ունեցող պացիենտների և հայտնաբերել CDC42 գենի T43I մուտացիա։ Այս մուտացիան փոխում է սպիտակուցի կառուցվածքն այնպես, որ այն չափազանց ամուր է կապվում պիրինի հետ։ Արդյունքում՝ բջջային բորբոքային մեխանիզմը չափազանց հեշտությամբ ակտիվանում է՝ առաջացնելով շատ ուժեղ իմունային պատասխան։

Երկրորդ հետազոտության ընթացքում գիտնականները ստեղծել են MEFV գենի հարյուրավոր մուտացիաների ֆունկցիոնալ քարտեզ։ Նրանք պարզել են, թե որ տարբերակներն են իրականում առաջացնում հիվանդությունը, որոնք չեն ազդում բջջային ֆունկցիայի վրա և որոնք են պահանջում հետագա ուսումնասիրություն։

Պարզվել է, որ ընտանեկան միջերկրածովյան տենդի ծանր ձևերի հետ կապված ամենահայտնի մուտացիաները գտնվում են պիրինի այն նույն հատվածում, որը փոխազդում է CDC42-ի հետ։ Սա հաստատում է, որ այդ հատվածը կարևոր դեր է խաղում բորբոքման առաջացման գործում։

Գիտնականների կարծիքով՝ այս հայտնագործությունը կբարելավի ախտորոշումն այն պացիենտների համար, որոնց մոտ հայտնաբերված գենետիկ փոփոխությունների ճշգրիտ նշանակությունը նախկինում անհնար էր ճշգրիտ որոշել։

Բացի այդ, CDC42-ի և պիրինի միջև հայտնաբերված կապը կարող է դառնալ նոր թիրախ բորբոքային համակարգի խիստ ակտիվացումը կանխելու ունակ դեղամիջոցների մշակման համար։

Հետազոտողները նշել են, որ ստացված տվյալները ճանապարհ են հարթում ավելի ճշգրիտ բժշկության համար. ապագայում բուժումը կարող է ընտրվել ըստ ոչ միայն ախտորոշման, այլև հիվանդությունն առաջացնող կոնկրետ մոլեկուլյար մեխանիզմի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll