Հետազոտողները հայտնաբերել են բջջային մեխանիզմ, որը գուցե հազվագյուտ մանկական հիվանդությունը կապի Ալցհայմերի հիվանդության հետ։ Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների և նրանց գործընկերների աշխատությունը հրապարակվել է Immunity հանդեսում:
Գիտնականներն ուսումնասիրել են Սանֆիլիպոյի A տիպի համախտանիշը՝ հազվագյուտ ժառանգական հիվանդություն, որը հայտնի է նաև որպես մուկոպոլիսախարիդոզ IIIA: Այդ հիվանդությունից տառապող երեխաների մոտ զարգանում են ցնցումներ, դեմենցիա և այլ ծանր խանգարումներ, իսկ կյանքի տևողությունը զգալիորեն կրճատվում է:
Հիվանդության պատճառ է դառնում մեկ գենի փոփոխությունը, որի հետևանքով բջիջները դադարում են արտադրել սուլֆամիդազա ֆերմենտը:
Նորմայում այդ ֆերմենտը մասնակցում է լիզոսոմների՝ բջիջների ներսում յուրատեսակ «վերամշակման համակարգերի» աշխատանքին: Դրանք ճեղքում են սննդանյութերը, ոչնչացնում վնասակար մասնիկները և վերամշակում բջջի հին բաղադրիչները: Երբ ֆերմենտը չի բավականացնում, «բջջային աղբը» սկսում է կուտակվել:
Ուսումնասիրելով Սանֆիլիպոյի համախտանիշի մոդելով մկներին՝ հետազոտողները պարզել են, որ դրանից հատկապես շատ է տուժում միկրոգլիան՝ ուղեղի պաշտպանության համար պատասխանատու իմունային բջիջները: Ճարպերի և սպիտակուցների կուտակմանը զուգահեռ այդ բջիջները մեծանում են և աստիճանաբար կորցնում նյարդային բջիջներն արդյունավետ կերպով պաշտպանելու ունակությունը:
Հետազոտողները բացահայտել են, որ այդ պահին ակտիվանում է MITF/TFE սպիտակուցների ընտանիքը, որոնք աշխատում են որպես յուրատեսակ գենետիկ անջատիչներ: Երբ միկրոգլիայի լիզոսոմները ծանրաբեռնվածություն և սթրես են ապրում, այդ սպիտակուցները գործարկում են մի ծրագիր, որն ի սկզբանե պետք է օգնի բջիջներին հաղթահարել վնասվածքը:
Սակայն տևական սթրեսի դեպքում պաշտպանիչ արձագանքը դառնում է վնասակար: Միկրոգլիան սկսում է աջակցել բորբոքմանը, ինչն ի վերջո նպաստում է նեյրոնների մահվանը:
Հատկապես կարևոր է եղել այն փաստը, որ նույն գենետիկ անջատիչներն ակտիվանում են Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց միկրոգլիայում: Դա մատնանշում է հազվագյուտ ժառանգական հիվանդության ժամանակ ուղեղի վնասում առաջացնող մեխանիզմի և շատ ավելի տարածված նեյրոդեգեներատիվ հիվանդության ժամանակ տեղի ունեցող գործընթացների միջև հնարավոր կապը:
Ստացված տվյալները նաև նոր հայացք են առաջարկում Ալցհայմերի զարգացման վերաբերյալ: Տարածված վարկածներից մեկն այն է, որ միկրոգլիայից դուրս տեղակայված ամիլոիդային վահանիկները խաթարում են լիզոսոմների աշխատանքը և հրահրում բջիջների վնասում: Նոր աշխատանքը ցույց է տալիս, որ գործընթացը կարող է ընթանալ նաև հակառակ ուղղությամբ. վնասման աղբյուրը կարող է գտնվել անմիջապես ուղեղի իմունային բջիջների ներսում:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ MITF/TFE գործընթացը կարող է նոր թիրախ դառնալ դեղամիջոցների մշակման համար: Եթե հաջողվի կառավարել այս գենետիկ անջատիչները, տեսականորեն հնարավոր կլինի միկրոգլիան ավելի երկար պահել պաշտպանիչ վիճակում և թույլ չտալ դրա անցումը բորբոքային ու կործանարար վարքագծի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day