Ստենֆորդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն, թե ինչպես է երեխան պատմում սթրեսային կամ դժվարին իրադարձությունների մասին, թույլ է տալիս հոգեկան առողջության ապագա ռիսկերն ավելի լավ կանխատեսել, քան պատմության բուն բովանդակությունը։
Վաղ տարիքում սթրեսի ազդեցությունը հանրային առողջապահության համակարգի լուրջ մարտահրավերներից է․ աշխարհում մեծահասակների շրջանում հոգեբուժական ախտորոշումների մինչև մեկ երրորդը բաժին է ընկնում հենց դրան, նշում են հեղինակները՝ հավելելով, որ այսօր չկան բավարար գործիքներ, որոնք թույլ կտան ի հայտ բերել առավել խոցելի մարդկանց։
«Այս հետազոտությունը համոզիչ հաստատում է տալիս այն բանի, որ հնարավոր է մշակել մասշտաբավորվող գործիքներ, որոնք ունակ կլինեն բացահայտել ռիսկի մարկերները դեռ մինչև ախտորոշում տալը»,- Ստենֆորդի Հումանիտար և բնական գիտությունների դպրոցի աշխատանքի առաջատար հեղինակ Չեյզ Անտոնաչչիի խոսքերն է փոխանցում Euronews-ը։
Անտոնաչչիի խոսքով՝ հենց դեռահասության տարիքում են ամենից հաճախ ի հայտ գալիս դեպրեսիան և տագնապային խանգարումները, և երբ դրանք ամրապնդվում են, դրանց բուժումը արտակարգ դժվար է դառնում։
Հեղինակները ընդգծում են, որ վաղ տարիներին անբարենպաստ իրադարձություններ ապրած ոչ բոլոր երեխաների մոտ են հետագայում հոգեկան և վարքագծային խանգարումներ զարգանում, իսկ շատերը, ընդհակառակը, սթրեսակայունություն են դրսևորում։
Նման տարբերակվածությունը լուրջ «կանխատեսող ճեղքվածք» է ձևավորում և բարդացնում նրանց հայտնաբերման խնդիրը, ում զարգացումն ընթանում է ապահարմարվողական ուղիով, գրում են հետազոտողները։
Հետազոտողները հարցում են անցկացրել 9-13 տարեկան ավելի քան 200 երեխաների շրջանում՝ նրանց սթրեսային փորձառության վերաբերյալ։ Օգտագործելով արհեստական բանականության վրա հիմնված լեզվական վերլուծության գործիքներ՝ նրանց հաջողվել է կանխատեսել, թե որ երեխաների մոտ ժամանակի ընթացքում ի հայտ կգան այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տագնապային խանգարումներն ու դեպրեսիան՝ հենվելով միայն նրանց օգտագործած բառերի և արտահայտությունների վրա։
Աշխատանքի ընթացքում ի հայտ են բերվել խոսքի բնորոշ առանձնահատկություններ, որոնք կապված են հետագա կյանքում հոգեկան դժվարությունների բարձր ռիսկի հետ։
Այսպիսով, ապագա ներքին՝ այսպես կոչված ինտերնալիզացնող խնդիրների գլխավոր կանխատեսիչներից մեկը նախդիրների ավելի հաճախակի գործածությունն էր, ինչը մատնանշում էր պատմության ավելի բարդ կառուցվածքը։
Ռիսկի հետ կապված խոսքային մեկ այլ ոճ ներառում էր «ինքնավստահություն» կամ կատեգորիկ պնդումների լեզու՝ «միշտ» կամ «երբեք» տիպի բառերի հաճախակի կիրառմամբ։
Այն ոճը, որտեղ ավելի հաճախ էին գործածվում երրորդ դեմքի դերանուններ (նա, նրան, նրանք), ինչը վկայում էր այլ մարդկանց և արտաքին աշխարհի, այլ ոչ թե միայն սեփական անձի վրա կենտրոնացվածության մասին, կապված էր ավելի ցածր ռիսկի հետ։
Հետազոտողները վերլուծել են նաև երեխաների պատմությունների բովանդակությունը և պարզել, որ թեև այն զիջում է խոսքի ոճին կլինիկական խանգարումների ի հայտ գալը կանխատեսելու հարցում, դրանով կարելի է բավականին ճշգրիտ դատել ախտանիշների արտահայտվածության աստիճանի մասին։
Կոնֆլիկտների, տառապանքի և վախի վրա կենտրոնացած պատմությունները՝ «կռիվ», «վախենալի» կամ «հարձակվեցին» տիպի բառերի հաճախակի գործածմամբ, վերաբերում էին բարձր ռիսկի հետ կապված թեմաներին։ Դրանցում հանդիպում էին ֆիզիկական բռնության, արտահայտված սոցիալական մեկուսացման և ուժեղ էմոցիոնալ գրգռվածության (օրինակ՝ աղաղակների) ուղղակի նկարագրություններ։
Դրական գործունեության և հոբբիների վրա կենտրոնացած պատմությունները՝ «խաղեր», «ֆուտբոլ» կամ «շուն» բառերի հիշատակմամբ, կապված էին ավելի ցածր ռիսկի հետ, ինչպես և կանոնակարգված, առօրյա իրավիճակների հուզականորեն չեզոք նկարագրությունները և հոգեկան առողջության ոլորտում աջակցության ուղղակի հիշատակումները։
Հեղինակները հանգել են այն եզրակացության, որ այն, թե ինչի մասին էին պատմում մասնակիցները, բացահայտում է սթրեսորի կամ երեխայի կյանքի կոնկրետ մանրամասները, մինչդեռ այն, թե ինչպես են նրանք խոսում դրա մասին (այսինքն՝ խոսքի ոճը), ցույց է տալիս, թե ինչպես են նրանք կազմակերպում և մեկնաբանում այդ փորձառությունը։
Խոսքը էժան և հեշտ մասշտաբավորվող գործիք է, նշում է հետազոտության ավագ հեղինակ Յան Գոտլիբը․ «Դա պարզ է, հասանելի և, հավանաբար, խնդիրների զարգացումը կանխատեսող ավելի ուժեղ գործոն է, քան մյուս բոլոր գործոններից յուրաքանչյուրն առանձին վերցրած»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day