Գիտնականները կապ են հայտնաբերել մանկական տրավմայի, ուղեղի աշխատանքի փոփոխությունների և հասուն տարիքում հաճույք զգալու անկարողության միջև։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JNeurosci ամսագրում։
Մանկության տարիներին ապրած տրավմատիկ իրադարձությունները կարող են երկարատև ազդեցություն ունենալ մոտիվացիայի և հաճելի զբաղմունքներից բավականություն ստանալու ունակության վրա։ Դրանցից մեկը կարող է լինել անհեդոնիան՝ վիճակ, երբ մարդը կորցնում է նախկինում իրեն ուրախացնող բաներից հաճույք ստանալու ընդունակությունը։
Թեմփլի և Օրեգոնի համալսարանների հետազոտողները որոշել են պարզել, թե ինչու է մանկական տրավման որոշ մարդկանց մոտ մեծացնում անհեդոնիայի առաջացման հավանականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել հիպոկամպին՝ ուղեղի այն հատվածին, որն ավանդաբար կապվում է հիշողության հետ, բայց միևնույն ժամանակ մասնակցում է նաև մոտիվացիայի և պարգևատրման համակարգերի աշխատանքին։
Հետազոտության մասնակիցները հարցաթերթիկներ են լրացրել մանկության տարիներին կրած տրավմաների և հաճույք զգալու իրենց ունակության վերաբերյալ։ Այնուհետև գիտնականները կիրառել են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ֆՄՌՏ) և ուսումնասիրել հիպոկամպի փոխազդեցությունը մոտիվացիայի հետ կապված ուղեղի այլ հատվածների հետ։
Պարզվել է, որ մանկական տրավմա ապրած մարդկանց շրջանում անհեդոնիան ավելի վառ է արտահայտվել նրանց մոտ, ում մոտ միաժամանակ խաթարված են եղել մոտիվացիային մասնակցող ուղեղի հատվածների հետ հիպոկամպի կապերը։ Իսկ այն մասնակիցների մոտ, ովքեր ունեին մանկական տրավմա, բայց չունեին նման նյարդային խանգարումներ, հաճույք ստանալու ունակության կորուստն ավելի թույլ է արտահայտվել։
Հեղինակների կարծիքով՝ արդյունքները փաստում են, որ մանկական տրավման ինքնին դեռ չի նշանակում անհեդոնիայի պարտադիր առաջացում։ Էական նշանակություն կարող է ունենալ այն, թե ինչպես է տրավմատիկ փորձը փոխազդում մոտիվացիայի և պարգևատրման համակարգի համար պատասխանատու նյարդային կապերի անհատական առանձնահատկությունների հետ։
Հետազոտողները հատկապես հետաքրքրական են համարում հիպոկամպի բացահայտված դերը։ Ուղեղի այս հատվածը քաջ հայտնի է հիշողությունների ձևավորման ու պահպանման գործում իր մասնակցությամբ, սակայն այս նոր աշխատանքը նրա վիճակը կապում է նաև անտարբերության և հաճույք ստանալու ունակության նվազման հետ։
Գիտնականները հույս ունեն, որ հետագա ուսումնասիրությունները թույլ կտան պարզել հիպոկամպի կոնկրետ այն հատվածները, որոնց վրա ազդելով հնարավոր կլինի վերականգնել մանկական տրավմա տարած մարդկանց՝ հաճույք զգալու ունակությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day