Ցինկի օրական 20 միլիգրամի ընդունումը 38%-ով նվազեցրել է վարակների թիվը մանգաղաբջջային անեմիա ունեցող մինչև հինգ տարեկան երեխաների մոտ։ Նման եզրակացության են հանգել Ինդիանայի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները և Ուգանդայի նրանց գործընկերները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Medical Association (JAMA) գիտական ամսագրում։
Մանգաղաբջջային անեմիան արյան ժառանգական հիվանդություն է, որի դեպքում էրիթրոցիտները ստանում են սխալ ձև և ավելի վատ են թթվածինը տեղափոխում օրգանիզմով։ Այս հիվանդությունն ունեցող երեխաների մոտ հաճախ առաջանում է ցինկի դեֆիցիտ, որը կարևոր դեր է խաղում իմունային համակարգի աշխատանքում։ Այդ պատճառով նրանք հատկապես խոցելի են վարակների նկատմամբ, որոնք կարող են հանգեցնել հոսպիտալացման և նույնիսկ մահվան։
Հետազոտությանը մասնակցել է մեկից հինգ տարեկան 100 երեխա, որոնք բուժում էին ստանում Ուգանդայի Ջինջա քաղաքի տարածաշրջանային հիվանդանոցում։ Վեց ամսվա ընթացքում երեխաների մի մասը օրական ստացել է 20 մգ ցինկ, իսկ մյուսները՝ պլացեբո։ Հետազոտությունը եղել է պատահականացված, կրկնակի կույր և պլացեբո-վերահսկվող։
Ցինկ ստացող երեխաների մոտ բոլոր տեսակի վարակների թիվը 38%-ով ավելի ցածր է եղել, քան պլացեբոյի խմբում։ Խոսքը նաև վերին շնչուղիների վարակների, լուծի և բակտերիալ վարակների մասին է։
Սա գիտնականների արդեն երկրորդ հետազոտությունն է, որը ստուգում է նման մոտեցումը։ Նախորդ աշխատանքում երեխաներին օրական տվել են 10 մգ ցինկ, սակայն վարակների թվի նկատելի նվազում չի հայտնաբերվել։ Նոր արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ ավելի բարձր դեղաչափը կարող է զգալիորեն ավելի արդյունավետ լինել։
Ընդ որում, հետազոտողները դեռևս չեն հանձնարարում ցինկի օրական ընդունումը ներառել մանգաղաբջջային անեմիայով երեխաների ստանդարտ բուժման մեջ։ Ստացված արդյունքները անհրաժեշտ է հաստատել ավելի խոշոր հետազոտություններում՝ տարբեր բժշկական կենտրոնների պացիենտների մասնակցությամբ։
Պոտենցիալ մեթոդի առավելությունը դրա ցածր գինն է։ Ըստ գիտնականների գնահատականի, մեծ խմբաքանակներով գնելու դեպքում մեկ երեխայի համար ցինկի օրական ընդունման տարեկան կուրսը կարող է արժենալ 3 դոլարից պակաս։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում