Ըստ նոր հետազոտությունների՝ բջջային խաղերը կարող են ֆիզիկական վնաս հասցնել երիտասարդներին։ Խաղերով չափից ավելի տարվելը ուղղակիորեն կապված է պարանոցի, մեջքի վերին հատվածի, արմունկների և դաստակների հաճախակի ցավերի հետ։
Քանի որ խաղերն աստիճանաբար դառնում են երիտասարդների առօրյայի անբաժան մասը, մասնագետները հիշեցնում են, որ մի քանի ավելորդ ընդմիջումն ու հեռախոսի վրա կքած քիչ ժամանակ անցկացնելը կարևոր են ինչպես ֆիզիկական առողջության, այնպես էլ թվային կյանքի ներդաշնակության համար։
Euronews-ի փոխանցմամբ՝ հետազոտողները հարցում են անցկացրել Հորդանանի բժշկական համալսարանների 364 ուսանողների շրջանում՝ պարզելու, թե որքանով է բջջային խաղամոլությունը ազդում հենաշարժողական համակարգի վրա։
Պարզվել է, որ ուսանողների մոտ 9%-ը (34 հոգի) ունի հստակ արտահայտված խաղային կախվածություն։
Ցավային զգացողություններն ամենաշատը նկատվել են մարմնի վերին հատվածում, որն էլ հենց ամենից շատն է ծանրաբեռնվում հեռախոսից կամ պլանշետից երկար օգտվելիս։
Այսպես՝ կախվածություն ունեցողների 85,3%-ը բողոքել է պարանոցի ցավերից (մյուսների շրջանում այդ ցուցանիշը 65% էր), 64,7%-ը՝ մեջքի վերին հատվածի ցավերից (մյուսների մոտ՝ 55%)։ Տարբերությունն ավելի ակնառու էր արմունկների ցավերի դեպքում․ խաղամոլների 41,2%-ն է նշել դրանց մասին՝ չկախվածների ընդամենը 12,5%-ի համեմատ։ Բացի այդ, կախվածություն ունեցողներն ավելի հաճախ են ցավեր ունեցել դաստակներում ու ձեռքերում (41,2%՝ 34%-ի համեմատ)։
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ խաղերից կախվածություն ունեցողների մոտ մկանային ու հոդային ցավերն ավելի հաճախ են խանգարել առօրյա գործերին, ուսմանն ու նախասիրություններին։ Նրանցից շատերն ստիպված են եղել բժշկի դիմել դաստակների, ձեռքերի, կոնքազդրային կամ ծնկային հոդերի ցավերի պատճառով։
Երկար ժամանակ խաղալը նաև մարմնի դիրքի (էրգոնոմիկայի) լուրջ խնդիր է առաջացնում․ ձեռքերի ու պարանոցի տևական անշարժությունը, սարքն անընդհատ նույն դիրքով պահելն ու նույնանման շարժումները լրացուցիչ ծանրաբեռնում են մարմինը։
Հետազոտության հեղինակները ընդգծում են, որ խաղերը չպետք է դիտարկել լոկ որպես էկրանի առջև անցկացրած ժամանակ կամ հոգեբանական խնդիր։
Նրանք հորդորում են մեծ ուշադրություն դարձնել թվային առողջությանը, ճիշտ կեցվածքին և վարքագծային սովորությունների փոփոխմանը։ Ըստ հետազոտողների՝ համալսարանները պետք է առողջապահական ծրագրերում հատուկ խորհուրդներ ներառեն ընդմիջումներ անելու, սարքերը ճիշտ դիրքով պահելու և առողջ խաղային սովորույթներ ձևավորելու վերաբերյալ, հատկապես նրանց համար, ովքեր երկար ժամանակ են անցկացնում էկրանների առջև։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day