• Latest news

Չամուսնացած տղամարդկանց մոտ ավելի արագ ծերացման նշաններ են հայտնաբերվել․ Frontiers

8 սեպտեմբերի, 2026  15:33

Չեպմենի համալսարանի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հետազոտողները պարզել են, որ երբևէ չամուսնացած տղամարդիկ կենսաբանական մակարդակում կարող են ավելի արագ ծերանալ, քան ամուսնացածները։ Աշխատությունը հրապարակվել է «Frontiers in Aging» ամսագրում։ Հեղինակները վերլուծել են ԱՄՆ 762 բնակչի տվյալներ և տարբերություններ հայտնաբերել էպիգենետիկ ծերացման երկու ցուցանիշով՝ GrimAge և DunedinPACE:

Էպիգենետիկ ծերացումը ցույց է տալիս, թե օրգանիզմում ընթացող գործընթացները որքանով են համապատասխանում կամ գերազանցում մարդու օրացուցային տարիքին։ Գնահատման համար գիտնականներն ուսումնասիրել են ԴՆԹ-ի մեթիլացման փոփոխությունները՝ քիմիական նշաններ, որոնք ազդում են գեների ակտիվության վրա։ Հետազոտության մեջ կիրառվել է երեք գործիք՝ PhenoAge-ը և GrimAge-ը, որոնք գնահատում են կենսաբանական տարիքը, ինչպես նաև DunedinPACE-ը, որը ցույց է տալիս օրգանիզմի ծերացման արագությունը։

Ամենանմանելի տարբերությունն ի հայտ է եկել երբևէ չամուսնացած տղամարդկանց մոտ․ GrimAge և DunedinPACE ցուցանիշներով նրանց շրջանում նկատվել են արագացված էպիգենետիկ ծերացման նշաններ՝ ամուսնացածների համեմատ։ Կանանց դեպքում հետազոտողները նման կապ չեն գտել։ Ընդ որում, ամուսնացած լինելու փաստն ինքնին կապված է եղել DunedinPACE ցուցանիշով էպիգենետիկ ծերացման ավելի դանդաղ տեմպի հետ՝ համեմատած ամուսնալուծված կամ առանձին ապրող անձանց վիճակի հետ։

Վերլուծության մեջ ներառվել են միջին և ավագ տարիքի մարդկանց առողջությանը նվիրված ամերիկյան «Midlife in the United States» (MIDUS) հետազոտության 382 տղամարդ և 380 կին մասնակիցներ։ Գիտնականները հաշվի են առել մասնակիցների տարիքը, կրթությունը, մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), ծխելու հանգամանքը, ռասայական ու էթնիկ պատկանելությունը, ինչպես նաև արդյունքների վրա ազդող այլ գործոններ։

Հեղինակները ընդգծում են, որ աշխատանքը չի ապացուցում արագացված ծերացման անմիջական կապը չամուսնացած լինելու հետ։ Հետազոտությունն ունեցել է լայնակի բնույթ․ մասնակիցների արյան նմուշները գնահատվել են մեկ ժամանակահատվածում, որի պատճառով պատճառահետևանքային կապն աներկբայորեն հաստատել հնարավոր չէ։ Գիտնականները ենթադրում են, որ որոշիչ դեր կարող են ունենալ սոցիալական աջակցությունը, սթրեսը և ապրելակերպի առանձնահատկությունները, սակայն այս հիպոթեզները ստուգելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ Աշխատանքի ամենաանսպասելի բացահայտումը, հեղինակների կարծիքով, հենց այն է, որ ընտանեկան կարգավիճակի և էպիգենետիկ ծերացման փոխկապակցվածությունն ի հայտ է եկել հատկապես երբևէ չամուսնացած տղամարդկանց շրջանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll