Աղիքներում բնակվող բորբոսը կարող է օգնել օրգանիզմին հաղթահարել ճառագայթման ազդեցությունը: Նման եզրակացության են հանգել չինացի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS (Proceedings of the National Academy of Sciences) հանդեսում:
Խոսքը Mucor racemosus սնկի մասին է, որը կարող է հանդիպել մարդու աղիներում: Մկների վրա կատարված փորձերում այն կենդանիները, որոնց սունկ էր ներարկվել մինչև ճառագայթահարումը, ավելի քիչ քաշ էին կորցնում, իսկ հսկիչ խմբի համեմատ նրանց մոտ նվազում էին բորբոքումն ու օքսիդատիվ սթրեսը:
Պաշտպանիչ ազդեցությունն զգալիորեն ուժեղացել է, երբ սունկը նախապես հարմարեցվել էր թթվածնի ցածր պարունակությամբ աղիքային պայմաններին: Առանց սեփական միկրոբիոտայի աճեցված մկների վրա կատարված փորձերը ևս ճառագայթային վնասման նշանների նվազում են ցույց տվել: Դա վկայում է այն մասին, որ սունկն ունակ է ուղղակիորեն պաշտպանիչ ազդեցություն ունենալ, այլ ոչ թե միայն աղիքների այլ միկրոօրգանիզմների հետ փոխազդեցության միջոցով:
Գիտնականները հայտնաբերել են այդ երևույթի մի քանի մեխանիզմներ։ Երեք նյութեր, որոնք արտադրում է M. racemosus-ը՝ գլուտամինաթթուն, ասպարագինաթթուն և լիզինը, նպաստում են վնասված ԴՆԹ-ի վերականգնման և ճառագայթահարումից հետո աղիների հյուսվածքների վերականգնմանը:
Մեկ այլ մեխանիզմ կապված է մեթիլթիոադենոզինի (MTA) հետ: Այն ազդում է Limosilactobacillus reuteri բակտերիայի վրա՝ ստիպելով նրան ավելի շատ մեթիոնին արտադրել: Այդ նյութը, ինչպես ցույց են տվել փորձերը, ևս կարող է ուժեղացնել օրգանիզմի պաշտպանությունը ճառագայթային վնասվածքներից:
Մեկ այլ փորձի ժամանակ հետազոտողները M. racemosus-ի միջոցով խմորված պանիր են օգտագործել։ Ճառագայթահարված մկների շրջանում նման մթերքը նվազեցրել է աղիների բորբոքումը, ամրապնդել աղիքային պատնեշը և նվազեցրել համակարգային բորբոքման նշանները:
Գիտնականներն ընդգծում են, որ արդյունքները ձեռք են բերվել միայն կենդանիների վրա և չեն նշանակում, թե մարդիկ պետք է ինքնուրույն օգտագործեն այդ սունկը ճառագայթումից պաշտպանվելու համար: Բացի դրանից, M. racemosus-ը կարող է վտանգ ներկայացնել թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար:
Հետազոտողները կարծում են, որ թելանման սնկերը ի վիճակի են կարևոր դեր խաղալ միկրոբիոտայի և օրգանիզմի միջև փոխազդեցության մեջ և ապագայում կիրառություն գտնել ճառագայթային ազդեցության հետևանքներից պաշտպանվելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day