Կարիճի թույնից առանձնացված պեպտիդները կարող են հիմք դառնալ բորբոքային հիվանդությունների, վիրուսային վարակների և լյարդի որոշ ախտահարումների դեմ նոր դեղամիջոցների ստեղծման համար։ Նման եզրահանգման են եկել «iLIVER» ամսագրում հրապարակված ակնարկի հեղինակները։
Կարիճի թույնը պարունակում է հազարավոր տարբեր մոլեկուլներ, այդ թվում՝ պեպտիդներ, որոնք ընդունակ են ազդել բջիջների ռեցեպտորների և իոնային ուղիների վրա։ Գիտնականներն աստիճանաբար անցնում են թույնի համալիր ուսումնասիրությունից դեպի պոտենցիալ օգտակար հատկություններ ունեցող առանձին միացությունների որոնմանը։
Հետազոտողների հատուկ ուշադրության կենտրոնում են այն պեպտիդները, որոնք ազդում են Kv1.3 իոնային ուղու վրա․ վերջինս մասնակցում է իմունային բջիջների աշխատանքին։ Փորձարկումների ընթացքում այդպիսի միացություններից որոշները նվազեցրել են մակրոֆագերի ու T-բջիջների ակտիվությունը և ճնշել բորբոքային ազդանշանային ուղիները, ինչի հետևանքով նվազել է նախաբորբոքային ցիտոկինների արտադրությունը։
Կենդանիների վրա անցկացված փորձերում որոշ պեպտիդներ ցուցադրել են նաև ցավազրկող և հակաբորբոքային հատկություններ։ Մյուսներն ընդունակ են ազդել վիրուսային մասնիկների վրա կամ խոչընդոտել դրանց թափանցմանը բջիջներ։ Մասնավորապես, Smp76, Ctry2459, BmKDfsin4 և Mucroporin-M1 միացություններն ակտիվություն են դրսևորել B և C հեպատիտի վիրուսների դեմ՝ բջջային ու նախակլինիկական մոդելներում։
Հետազոտությունների առանձին ուղղություն էլ կապված է եղել լյարդի հիվանդությունների հետ։ Մկների վրա արված փորձերում Buthus martensii Karsch կարիճի թույնի քաղվածքը, որը պարունակում է BmKK2 պեպտիդ, նվազեցրել է լյարդի ճարպակալումը, բորբոքումն ու ֆիբրոզը ստեատոհեպատիտ առաջացնող սննդակարգի պայմաններում։ Կանխատեսվում է, որ այս ազդեցությունը կապված է Kv1.3-ի վրա ներգործության և դրան հաջորդող բորբոքային գործընթացների ճնշման հետ։ Այնուամենայնիվ, լյարդի հյուսվածքների վրա այս մեխանիզմի ուղղակի ազդեցությունը դեռևս հաստատման կարիք ունի։
Կարիճի պեպտիդների հետազոտությունները դեռ հիմնականում նախակլինիկական փուլում են։ Նման միացություններն ունեն լուրջ սահմանափակումներ․ դրանք կարող են արագ քայքայվել օրգանիզմում, վատ յուրացվել ներքին ընդունման (հաբերի) դեպքում, առաջացնել անցանկալի իմունային արձագանքներ և ունենալ կողմնակի ազդեցություններ։ Բացի այդ, դրանց լայնամասշտաբ արտադրությունը մնում է բարդ և թանկարժեք։
Գիտնականները հույս ունեն, որ արհեստական բանականությունը, բիոինֆորմատիկայի մեթոդներն ու նանոտեխնոլոգիաները կօգնեն ավելի արագ գտնել հեռանկարային պեպտիդներ, փոփոխել դրանց հատկությունները և հասցնել անմիջապես թիրախային հյուսվածքներին։ Կարիճի պեպտիդի արդեն իսկ կլինիկական կիրառման օրինակ է քլորոտոքսինը, որն օգտագործվում է որպես կրկնվող գլիոբլաստոմայի դեմ փորձարարական CAR-T թերապիայի բաղադրիչ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day