Գիշերային ժամերին լույսի ազդեցությունը կապված է սրտի կառուցվածքի և աշխատանքի այնպիսի փոփոխությունների հետ, որոնք պոտենցիալ կերպով կարող են մեծացնել դրա դիսֆունկցիայի ռիսկը. դրա մասին են վկայում ավելի քան 11 հազար մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտության արդյունքները: Աշխատանքը հրապարակվել է European Heart Journal գիտական հանդեսում:
Հետազոտությունն իրականացրել է Նոր Օռլեանի Թուլեյնի համալսարանի պրոֆեսոր Լու Ցիի գլխավորած խումբը: Գիտնականներն օգտագործել են բրիտանական UK Biobank կենսաբանկի 11 հազար 71 մասնակցի տվյալները: Նրանք բոլորը յոթ օր շարունակ դաստակին կրել են տվիչ, որը չափել է գիշերային ժամերին լուսավորության մակարդակը: Երեք տարի անց մասնակիցների հետազոտության համար կատարվել է սրտի մագնիսառեզոնանսային շերտագրություն՝ դրա կառուցվածքն ու աշխատանքը գնահատելու նպատակով:
Հետազոտողները համեմատել են այն մարդկանց, որոնք գիշերը ենթարկվել են երեք լյուքսից ավելի ինտենսիվությամբ լույսի ազդեցությանը, նրանց հետ, ովքեր գտնվել են գրեթե լիակատար խավարում: Առաջին խմբի մասնակիցների մոտ հայտնաբերվել է ձախ փորոքի՝ սրտի հիմնական խոռոչներից մեկի պատի հաստացում: Դրա հետևանքով փոքրացել է փորոքի ներքին տարածությունը: Բացի դրանից, ի հայտ են եկել սրտամկանի՝ սրտային ցիկլի ընթացքում թուլանալու և ձգվելու կարողության նվազման նշաններ, ինչը կարող է լինել դրա ֆունկցիայի խանգարման վաղ նշան:
Փոփոխություններ են հայտնաբերվել նաև աջ փորոքում և ձախ նախասրտում: Ըստ Լու Ցիի՝ այդ փոփոխությունների համախումբը վկայում է սրտի այսպես կոչված վերակառուցման մասին, այն է՝ դրա կառուցվածքի և գործառույթների վերադասավորման, որը սովորաբար առաջանում է որպես արձագանք երկարատև ծանրաբեռնվածության կամ վնասվածքի: Ժամանակի ընթացքում նման փոփոխությունները կարող են թուլացնել սիրտը և նպաստել սրտային անբավարարության զարգացմանը:
Ընդ որում, հետազոտությունը ցույց է տալիս կապը գիշերային լուսավորության և սրտի փոփոխությունների միջև, սակայն ինքնին չի ապացուցում, որ լույսն անմիջականորեն է առաջացնում այդ խանգարումները:
Աշխատության հեղինակները կարծում են, որ գիշերը լույսի ազդեցության կրճատումը կարող է դառնալ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման միջոցներից մեկը: Ուղեկցող խմբագրական հոդվածում Մայնցի համալսարանական բժշկական կենտրոնից պրոֆեսոր Թոմաս Մյունցելը և նրա գործընկերները բժիշկներին կոչ են արել ուշադրություն դարձնել բուժառուների քնի պայմաններին. որքանով է մութ ննջասենյակը, արդյոք նրանք աշխատում են գիշերները և մթնելուց հետո օգտվում են էկրաններից:
Մասնագետները խորհուրդ են տալիս պարզ միջոցներ՝ հաստ վարագույրներ, տաք և պակաս վառ լույս մահճակալի մոտ, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի փոքրիկ լուսադիոդային ցուցիչների անջատում կամ փակում: Քաղաքային մակարդակում, նշում են հեղինակները, լուսային աղտոտվածությունը կարելի է նվազեցնել էկրանավորված լուսատուների, տաք սպեկտրի լամպերի և փողոցային այնպիսի լուսավորության միջոցով, որն ավտոմատ կերպով մթնում է կամ միանում միայն անհրաժեշտության դեպքում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day