Հղիության ընթացքում սակավարյունություն ունեցած մայրերից ծնված նորածինների ուղեղի ընդհանուր ծավալը միջինում 4%-ով փոքր է եղել, քան սակավարյունություն չունեցող կանանց երեխաներինը: Տարբերությունները վերաբերել են շարժման, ուսուցման և հույզերի կարգավորման հետ կապված հատվածներին և ավելի նկատելի են դարձել կյանքի առաջին երկու տարիներին: Նման եզրակացության են հանգել Լոնդոնի Թագավորական քոլեջի և Քեյփթաունի համալսարանի հետազոտողները: Արդյունքների մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
Գիտնականները հետևել են Քեյփթաունում ավելի քան 300 մայրերի և նրանց երեխաների: Երեխաների ուղեղը մի քանի անգամ սկանավորվել է երեք ամսեկանից մինչև երկու տարեկան հասակում: Ընդ որում, սակավարյունություն ունեցող բոլոր կանանց հիվանդությունը եղել է թեթև աստիճանի։
Ամենանշանակալի տարբերությունները հայտնաբերվել են ուղեղի պատյանում, պոչավոր կորիզում և գլխուղեղի կոպում (corpus callosum):
«Վերջինս միացնում է ուղեղի երկու կիսագնդերը և մասնակցում դրանց միջև տեղեկատվության փոխանցմանը: Օրինակ՝ սակավարյունությունից տառապող մայրերի երեխաների մոտ կոպի ծավալը 12 ամսականում մոտ 4%-ով փոքր է եղել, իսկ մինչև երկու տարեկան դառնալը տարբերությունը հասել է 6%-ի»,- հաշվարկել են գիտնականները։
Հետազոտողների կարծիքով՝ հայտնաբերված տարբերությունները կարող են կապված լինել հետագա ճանաչողական զարգացման խնդիրների հետ: Հարավային Աֆրիկայում նախկինում իրականացված հետազոտությունները ցույց էին տվել, որ սակավարյունություն ունեցող մայրերից ծնված երեխաներն ավելի վատ են հանձնում զարգացման որոշ թեստեր, իսկ ուղեղի ծավալի տարբերությունները պահպանվում են նաև դպրոցական տարիքում:
Սակավարյունությունը հանդիպում է աշխարհի հղի կանանց ավելի քան մեկ երրորդի մոտ և հաճախ կապված է օրգանիզմում երկաթի պակասի հետ: Ընդ որում, վիճակի զարգացման վրա կարող են ազդել նաև վարակները, դրանց թվում՝ ՄԻԱՎ-ը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ արդյունքները վկայում են վերարտադրողական տարիքի կանանց, հատկապես հղիության ընթացքում, սակավարյունության հայտնաբերման և բուժման կարևորության մասին: Անհրաժեշտության դեպքում երկաթի պաշարները լրացնելու համար կարող են երկաթի պատրաստուկներ կիրառվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day