Դեզոգեստրելի հիմքով որոշ հակաբեղմնավորիչ հաբեր կապվել են մեդինգիոմայի (ուղեղի թաղանթների սովորաբար բարորակ ուռուցքի) զարգացման բարձր ռիսկի հետ: Վտանգը փոքր է եղել, սակայն աճել է դեղամիջոցի երկարատև ընդունման դեպքում, հատկապես՝ հինգ տարուց ավելի: Նման եզրահանգմանն են եկել ֆրանսիական «EPI-PHARE» գիտական խմբի փորձագետները: Աշխատությունը հրապարակվել է BMJ (British Medical Journal) բժշկագիտական հանդեսում:
Գիտնականներն ուսումնասիրել են Ֆրանսիայի 92 հազար 301 կանանց, նրանց թվում՝ 8391 բուժառուների տվյալները, որոնք վիրահատվել են ներգանգային մեդինգիոմայի կապակցությամբ։ Հետազոտողները համեմատել են հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառումն ուռուցք ունեցող և դրանից զերծ կանանց շրջանում:
Պարզվել է, որ դեզոգեստրելի անընդմեջ օգտագործման դեպքում հինգ տարուց ավելի՝ վիրահատական բուժում պահանջող մեդինգիոմայի հավանականությունն ավելի բարձր է եղել: Հինգից յոթ տարի ընդունելիս հարաբերական ռիսկը մեծացել է մոտ 1,5 անգամ, իսկ յոթ և ավելի տարի օգտագործելիս՝ մոտ 2,1 անգամ: Ընդ որում, բացարձակ ռիսկը մնացել է ցածր. հեղինակների գնահատմամբ՝ դեզոգեստրելի կիրառման հետ կապված մեդինգիոմայի մեկ դեպք է բաժին հասնում մոտ 67 հազար կնոջ:
Դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո բարձրացած ռիսկը դադարել է նկատվել մոտ մեկ տարի անց:
Միևնույն ժամանակ, հետազոտողները մեդինգիոմայի ռիսկի բարձրացում չեն հայտնաբերել լևոնորգեստրել ընդունող կանանց շրջանում՝ թե՛ առանձին, թե՛ էստրոգենի հետ համակցությամբ: Դեզոգեստրելի հետ կապված ռիսկը նաև զգալիորեն ցածր է եղել, քան որոշ այլ պրոգեստոգենների դեպքում, որոնք նախկինում կապվել էին մեդինգիոմայի հետ:
Այս տվյալների հիման վրա Ֆրանսիայի դեղամիջոցների գործակալությունը դեզոգեստրել ընդունող կանանց զգուշացնում է հնարավոր ռիսկի մասին: Ընդ որում, հակաբեղմնավորիչն ինքնուրույն հանել չի խորհուրդ տրվում. ընդունումը շարունակելու հարցը հարկավոր է քննարկել բժշկի հետ:
Մեդինգիոման զարգանում է գլխի և ողնուղեղը շրջապատող թաղանթներից: Կախված տեղակայումից՝ ուռուցքը կարող է առաջացնել գլխացավեր, տեսողության, հիշողության, հավասարակշռության, խոսքի խանգարումներ կամ էպիլեպտիկ նոպաներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day