Օրվա կանոնավոր ռեժիմին հետևելու օրգանիզմի ունակությունը կապված է 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում արյան մեջ շաքարի մակարդակի ավելի արդյունավետ վերահսկողության հետ: Օրական կայուն բիոռիթմեր ունեցող պացիենտներն ավելի հաճախ են գլյուկոզայի ցուցանիշները պահպանում թիրախային միջակայքում, քան օրվա անկանոն ռեժիմ ունեցող մարդիկ: Նման եզրահանգման են եկել Կորեայի համալսարանին առընթեր Բժշկական քոլեջի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Metabolism» ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 2-րդ տիպի դիաբետ ունեցող 122 պացիենտ, որոնք ինսուլին էին ընդունում: 10 օրվա ընթացքում փորձարկվողները կրել են գլյուկոզայի մակարդակի անընդհատ չափման սարքեր և ֆիթնես-թրեքերներ:
Դրանց օգնությամբ հետազոտողները հետևել են քնի որակին, ֆիզիկական ակտիվության մակարդակին, սրտի զարկերի հաճախականությանը և օրական ռիթմերի կայունությանը: Այդպես են անվանում օրգանիզմի ներքին բիոլոգիական ժամացույցի՝ ֆիզիոլոգիական գործընթացների սահմանված ցիրկադային (շուրջօրյա՝ մոտ 24-ժամյա) պարբերականությունն ու կայունությունը պահպանելու ունակությունը՝ չնայած արտաքին խանգարող գործոններին, ինչպիսին սթրեսն է:
Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ամենակայուն բիոռիթմերն ունեցող մասնակիցների շրջանում շաքարի թիրախային մակարդակին հասել է պացիենտների 46,3%-ը: Անկանոն ռեժիմ ունեցող խմբում այս ցուցանիշը կազմել է 20%:
«Կարևոր դեր է խաղացել նաև ֆիզիկական ակտիվությունը: Ամենաբարենպաստ ազդեցությունը նկատվել է այն փորձարկվողների շրջանում, որոնք ավելի շատ են շարժվել կեսօրից մինչև երեկոյան ժամը վեցը: Նրանք ավելի երկար են արյան մեջ շաքարը պահպանել նորմալ մակարդակի վրա, իսկ դրա «տատանումները» եղել են պակաս արտահայտված», — հստակեցրել են գիտնականները:
Բացի այդ, քնի բավարար տևողությունը (յոթից ինը ժամ) կապված է եղել գլյուկոզայի ավելի կայուն մակարդակի և հիպոգլիկեմիայի՝ արյան մեջ շաքարի վտանգավոր նվազման ավելի ցածր ռիսկի հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day