Հետազոտությունը կապ է հայտնաբերել կրծքի կաթի բաղադրության և նորածինների շարժողական հմտությունների զարգացման միջև: Կաթի մեջ որոշակի ճարպաթթուների բարձր մակարդակը կապված է եղել ութ ամսական նորածինների շարժողական զարգացման ավելի ցածր ցուցանիշների հետ: Սակայն հետազոտությունը չի ապացուցում, որ այդ նյութերն անմիջականորեն ազդում են նորածնի զարգացման վրա։
Հետազոտությունը հրապարակվել է «European Journal of Nutrition» ամսագրում: Շանհայի սննդի և առողջության ինստիտուտի պրոֆեսոր Գաո Ինի գլխավորած միջազգային հետազոտական խումբն ուսումնասիրել է 120 մայրերի և մանուկների տվյալները:
Գիտնականները չափել են կենտ և ճյուղավորված շղթայով ճարպաթթուների (OBCFA) պարունակությունը ծննդաբերությունից 42 օր և ութ ամիս անց վերցված կրծքի կաթի նմուշներում: Այս նյութերը ձևավորվում են միկրոօրգանիզմների ակտիվության արդյունքում: Դրանց աղբյուր են հանդիսանում, մասնավորապես, կաթնամթերքը, որոճող կենդանիների միսը և ֆերմենտացված բուսական արտադրանքը:
Երեխաների զարգացումը գնահատվել է ութ ամսականում՝ օգտագործելով կոգնիտիվ և շարժողական հմտությունների ստանդարտացված թեստավորում: Պարզվել է, որ որոշ ճարպաթթուների, այդ թվում՝ C15:0 և C17:0-ի ավելի բարձր խտությունները, ինչպես նաև դրանց ընդհանուր պարունակությունը կրծքի կաթում, կապված են շարժողական զարգացման ավելի ցածր միավորների հետ: Այս կապը պահպանվել է մի շարք այլ գործոններ հաշվի առնելուց հետո:
Ավելի ցայտուն կապ է նկատվել կեսարյան հատմամբ ծնված երեխաների, 31 տարեկանից փոքր մայրերի և հղիության ընթացքում ավելորդ քաշ հավաքած կանանց մոտ:
Հետազոտողները ենթադրում են, որ հնարավոր բացատրությունը աղիների միկրոբիոմի և ուղեղի փոխազդեցության մեջ է: Ճարպաթթուները կարող են ազդել աղիքային միկրոբիոմի կազմի վրա, որն իր հերթին ներգրավված է նյարդային համակարգի վաղ զարգացման մեջ: Սակայն այս մեխանիզմը դեռևս ապացուցված չէ:
Հեղինակներն ընդգծել են, որ արդյունքները պետք է հաստատվեն երեխաների ավելի մեծ խմբերում՝ երկարատև դիտարկմամբ: Հետազոտությունը թույլ չի տալիս հաստատել պատճառահետևանքային կապը և հիմքեր չի տալիս խորհուրդ տալ մայրերին փոխել սննդակարգը կամ դադարեցնել կրծքով կերակրումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day