Գիտնականները հարյուրավոր անկախ կապեր են հայտնաբերել աղիքային մանրէների գենետիկական տարբերակների և մարդու առողջության բնութագրերի, այդ թվում՝ արյան ճնշման, խոլեստերինի մակարդակի և մարմնի զանգվածի ինդեքսի միջև։ Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։
Նիդեռլանդների Գրոնինգենի համալսարանի Բժշկական կենտրոնի և այլ հաստատությունների հետազոտողները վերլուծել են վեց հետազոտական խմբերի 10 781 անհատների տվյալները։ Նրանք ուսումնասիրել են մանրէների 433տեսակների մոտ 12.7 միլիոն տարածված գենետիկ տարբերակներ և համեմատել դրանք 244 տիրոջ բնութագրերի և շրջակա միջավայրի գործոնների հետ։
Վերլուծությունը բացահայտել է բակտերիալ գենետիկական տարբերակների և մարդու ցուցանիշների միջև 940 անկախ կապեր։ Սակայն այս կապերի գրեթե երկու երրորդը էականորեն կապված չի եղել աղիներում համապատասխան մանրէների առատության հետ։ Սա ենթադրում է, որ միկրոբիոմի դերը հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն աղիքային միկրոբիոմի կազմը, այլև գենետիկական տարբերությունները առանձին տեսակների ներսում։
Ամենամեծ թվով կապերը հայտնաբերվել են տարիքի հետ։ Գիտնականները մարէների 42 տեսակների մոտ հայտնաբերել են 99 անկախ ազդանշան։ Մասնավորապես, Faecalibacterium prausnitzii մանրէի հինգ գենետիկական տարբերակներ կապված են եղել մարդու տարիքի հետ։ Այն մարդկանց միջին տարիքը, որոնց նմուշները պարունակել են որոշակի տարբերակ, մոտավորապես 4.9 տարով ավելի բարձր էր։
Հետազոտողները ենթադրել են, որ այս տարբերակները կարող են ազդել գլուտատիոնի՝ բջիջները օքսիդատիվ սթրեսից պաշտպանող նյութի փոխադրման մեջ ներգրավված սպիտակուցի ֆունկցիայի վրա։ Սակայն այս մեխանիզմը դեռևս փորձարարական միջոցով չի ստուգվել, և հայտնաբերված կապը չի ապացուցում, որ բակտերիալ տարբերակներն ազդում են ծերացման վրա։
Հեղինակները նաև հայտնաբերել են աղիքային մանրէների գենետիկական տարբերակների և նյութափոխանակության, սրտանոթային և արյունաբանական պարամետրերի միջև կապեր։ Նրանք կարծում են, որ արդյունքները հիմք են հանդիսանում միկրոբիոմի և մարմնի միջև փոխազդեցության հետագա ուսումնասիրման համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day