• Latest news▼

Տարբեր հիվանդությունների դեպքում գլխուղեղի ցանցերի կապերն ավելի դժվար են վերակառուցվում․ NatCom

9 նոյեմբերի, 2026  11:45

Տարբեր հոգեբուժական ախտորոշումների դեպքում գլխուղեղի նեյրոնային ցանցերը հանգստի վիճակից առաջադրանքների կատարման անցնելիս ավելի թույլ են վերակառուցվում։ Այս մասին են վկայում Ռատգերսի և Յեյլի համալսարանների գիտնականների ու նրանց գործընկերների համատեղ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Գիտական խումբը վերլուծել է 219 չափահասի տվյալներ, որոնցից 134-ն ունեցել են հոգեբուժական ախտորոշում, իսկ 85-ը՝ առանց նմանատիպ հիվանդությունների պատմության։ Հետազոտվողների խմբում ներառված են եղել դեպրեսիա, տագնապային և երկբևեռ խանգարումներ, շիզոֆրենիա, ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշ (ՈւՊԳՀ), օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (ՕԿԽ) և այլ վիճակներ ունեցող պացիենտներ։

Մասնակիցներն անցել են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) թե՛ հանգստի վիճակում, թե՛ կոգնիտիվ վերահսկողության ու հույզերի մշակման առաջադրանքներ կատարելիս։ Յուրաքանչյուր անձի համար կիրառվել է ընդհանուր առմամբ վեց գրանցում։ Տարբեր հատվածների ակտիվության համաձայնեցված փոփոխությունների հիման վրա հետազոտողները գնահատել են գլխուղեղի ֆունկցիոնալ կապերը։

Միջին հաշվով՝ ախտորոշում ունեցող մարդկանց մոտ գրանցումների միջակայքում ցանցերի կառուցվածքն ավելի քիչ է փոփոխության ենթարկվել։ Հեղինակներն այս երևույթը բնութագրում են որպես դինամիկայի «հարթեցում». երբ առաջադրանքի պահանջները փոխվում են, ուղեղը շարունակում է պահպանել գրեթե նույն կոնֆիգուրացիան:

Գիտնականները նաև համադրել են ՄՌՏ պատկերները 110 կլինիկական, վարքագծային և կոգնիտիվ ցուցանիշների հետ։ Ստացված ախտանշանային պրոֆիլները հատել են ավանդական ախտորոշիչ սահմանները. տարբեր ախտորոշումներ ունեցող մարդիկ կարող էին բախվել խնդիրների նույնանման համադրությունների։

Ստեղծված մոդելները փորձարկվել են ևս 43 մասնակցի՝ առանձնացված տվյալների վրա։ Արդյունքները խրախուսում են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմների ուսումնասիրությունը, սակայն առայժմ թույլ չեն տալիս ախտորոշում իրականացնել բացառապես ՄՌՏ-ի միջոցով։ Ախտորոշիչ ենթախմբերից որոշները բավականին փոքր են եղել, իսկ ցանցային դինամիկայի և ախտանշանների միջև կապը դեռևս անկախ ստուգման ու վերահաստատման կարիք ունի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll