• Latest news

«Միասին՝ հանուն ազգի առողջության». Երեւանում տեղի կունենա հայ բժիշկների համագումար

12 մայիսի, 2015  18:42

Հայաստանի չորրորդ միջազգային բժշկական Համագումարը, որն անցկացվելու է Երեւանում հուլիսի 2-4-ը, մի շարք յուրահատկություններ ունի, որոնցից գլխավորն այն է, որ այն կհետևի  Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին: Դրանով պայմանավորված՝ Համագումարի կազմակերպիչները երկու հիմնական ուղղություն են ընտրել՝ վերարտադրողական առողջություն եւ վաղաժամ մահվան հանգեցնող սիրտ-անոթային եւ քաղցկեղային հիվանդություններ: Ինչպես պարզաբանեց NEWS.am-ի հետ զրույցում Համաժողովի նախագահը, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ցեղասպանություն վերապրած ազգի պահպանման ու զարգացման համար պետք է ապահովել դրա վերարտադրողական առողջությունը, ավելի երկարակյաց դարձնել: Այս հարցերը կլինեն համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում: Իսկ Համաժողովի կարգախոսն է՝ «Միասին՝ հանուն ազգի առողջության»:

Արա Բաբլոյանը նշեց, որ հայ բժիշկների միջազգային Համագումարն առաջին անգամ կայացել է դեռեւս Հայաստանի անկախացումից առաջ: Հայաստանի սահմաններից դուրս Համագումարներն անցկացնում էր Հայկական Միջազգային բժշկական կոմիտեն (Armenian Medical International Comity), որը միավորում է հայ բժիշկների արտասահմանյան բոլոր կազմակերպությունները:

Հայաստանի անկախացումից հետո Համագումարները անցկացվում են նաեւ Հայաստանում, այժմ դրանք անցկացվում են չորս տարին մեկ՝ Հայաստանում, չորս տարին մեկ էլ՝ արտերկրում : Փաստացի համագումարներն անցկացվում են երկու տարին մեկ:

Ա.Բաբլոյանը նշեց, որ հայերի շրջանում վաղաժամ  մահվան պատճառ են դառնում հիմնականում սիրտ-անոթային հիվանդությունները, քաղցկեղային հիվանդությունները, դիաբետը, որոնք հիմնականում հայերին բնորոշ անառողջ ապրելակերպի արդյունք են: Այդ պատճառով առողջ ապրելակերպի ներմուծման ու տարածման խնդիրը եւս լինելու է Համագումարի մասնակիցների ուշադրության կենտրոնում:

Ինչ վերաբերվում է Ցեղասպանությանը, Ա. Բաբլոյանը նշեց, որ Համագումարի ընթացքում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես կգա «Հայերի Ցեղասպանությունն ու բժիշկները» զեկուցումով: Համագումարի առաջարկով Ծիծեռնակաբերդի ծառուղիներից երկուսը կկրեն Ցեղասպանության ժամանակ բազմաթիվ հայերի կյանքեր փրկած բժիշկների՝ Կլարենս Հաշերի եւ Ֆրեդ Շեփարդի անունով:

4-րդ Համագումարի երկրորդ առանձնահատկությունը նաև այն է, որ դրա շրջանակներում կազմակերպվելու են նաեւ ուղեկից սիմպոզիումներ: Ինչպես նշեց Արա Բաբլոյանը, հուլիս 1-ին եւ 4-ին կկազմակերպվեն մի շարք սիմպոզիումներ (10-ից ավելի)՝ տարբեր թեմաներով (նյարդաբանություն, մանկաբուժություն, ուռուցքաբանություն, պալիատիվ բժշկություն), որոնց ընթացքում դասախոսություններով հանդես կգան հայտնի արտասահմանյան մասնագետներ: Ի տարբերություն Համագումարին մասնակցության՝ մասնակցությունը սիմպոզիումներին բացարձակապես անվճար կլինի, եւ արվել է դա հատուկ Հայաստանի բժիշկների համար: Համագումարի ընդհանուր մասնակիցների թիվը կկազմի 1400 մարդ:

Հրավիրված հյուրերի թվում Համագումարի նախագահն առանձնացրեց այնպիսի մասնագետների, ինչպիսին են վերարտադրողական առողջության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (ԱՄՆ), իմունոլոգ Միքայել Աղաջանյանը (ԱՄՆ), ռադիոուռուցքաբան Պատրիկ Կուպելյանը (ԱՄՆ), վիրաբույժ Հայրազատ Կազարյանը (Նորվեգիա), նյարդաբան Վիգեն Բաբիկյանը (ԱՄՆ), ուռուցքաբան Հակոբ Կանտարջյանը (ԱՄՆ), սրտաբան Բագրատ Ալեքյանը (ՌԴ):

Համագումարը նախատեսում է նաեւ մշակութային մաս: Համագումարի բացման արարողության ընթացքում հանդես կգա Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը: Հյուրերը հնարավորություն կունենան ընտրել Երեւանում տեղի ունեցող այս կամ այն մշակութային իրադարձությունը:

Համագումարը տեղի կունենա ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ ՀՀ առողջապահության եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է