Այսօր ամբողջ աշխարհում առաջին անգամ նշվում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային օրը:

Հայաստանը այս Օրը նշում է մի շարք միջոցառումներով, որոնք նախաձեռնել են Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF) ու Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը: Սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի շատ բնակիչներ արյան նմուշներ են հանձնել ոսկրածուծի դոնորների ռեեստրում գրանցվելու համար:

Մի օր նրանց արյունը կարող է փրկել արյան քաղցկեղով կամ այլ հիվանդություններով մարդկանց կյանքեր ինչպես եղավ Վահե Վարդանյանի հետ՝ Աշտարակից: Նա  ցողունային բջիջների դոնոր դարձավ մի իստալացի աղջկա համար, ում հետ գենետիկորեն 100 տոկոսով համատեղելի էր: Աղջկա մոտ վերջին ստադիայի սուր լեյկոզ էր, նա մահամերձ էր՝ բուժման մյուս մեթոդները չէին օգնում, սակայն Վահեի բջիջները, որոնք բժիշկները պատվաստեցին նրան, օգնեցին բուժել աղջկան: Հիմա աղջիկը մեծացել է, վեր է ածվել օրիորդի ու ապագայի ծրագրեր է կառուցում:

NEWS.am Medicine-ի խմբագրությունն իր ընթերցողներին կոչ է անում այսօր նույնպես համալրել ոսկրածուծի դոնորների ռեեստրը: Դրա համար քիչ բան է պետք. ընդամենը մի քանի կաթիլ արյուն կամ թուք, որպեսզի մասնագետները դրանց միջոցով որոշեն Ձեր գենոտիպը ու այն մտցնեն ռեեստր:

Այսօր, սեպտեմբերի 19-ին, Գաֆեսչյան արվեստների կենտրոնի քանդակների պուրակում միջոցառում կլինի, որի շրջանակում Երեւանի բնակիչները նույնպես կկարողանան համալրել ռեեստրը, հանձնելով բերանից վերցված քսուք: Միջոցառմանը մասնակցելու են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ ու հասարակական գործիչներ՝ Տիգրան Համասյանը, Գոռ Սուջյանը, Վահե Տեր Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Մադլեն Միանսյանը, դիջեյ Վակցինան եւ ուրիշներ: Միջոցառմանը միանալու է նաեւ Գաֆեսչյան արվեստների կենտրոնը եւ «Գուրմե Դուրմե» շոկոլադի ապրանքանիշը:

Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել ոսկրածուծի դոնորների մասին տեղեկացվածությունը ու ձեւավորել կարեկցանքի ու նվիրատվության մշակույթ: Կազմակերպիչները կոչ են անում միանալ ոսկրածուծի/ ցողունային բջիջների փոխպատվաստման համաշխարհային միջոցառումներին:

Հիշեցնենք, որ աշխարհում գրանցված են ոսկրածուծի 25 միլիոն դոնորներ, որոնցից 27 000 –ը Հայաստանից են: