Առողջապահության նախարարությունը Հայաստանում գրանցված շուրջ չորս հազար հինգհարյուր անվանում դեղերից առավել լայն սպառում ունեցող հիսուն անվանում դեղերի մանրածախ գների մշտադիտարկում է իրականացրել: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցին ասել է Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչություն պետ Վարդուհի Գրիգորյանը։
Ըստ նրա, դիտարկված դեղերի ցանկում ընդգրկվել են ցավազրկողներ, լայն սպեկտրի հակաբիոտիկներ, սրտային, հորմոնային, անոթային, հակադիաբետիկ, վիտամիններ եւ հակասնկային դեղեր։
Մշտադիտարկման արդյունքների համաձայն` 30 անվանում (60%) դեղերի գները մնացել են անփոփոխ, 17 անվանում (34%) դեղերի գները նվազել են մինչեւ 30%, 3 անվանում (6%) դեղերի գները բարձրացել են մինչեւ 3%:
«Բացի այդ, կան կազմակերպություններ` «Գեդեոն Ռիխտեր», «Գլաքսո Սմիթ Կլայն», «Բայեր կոնսումեր» «Հոֆֆման-Լյա Ռոշե», «Տակեդա», որոնք մարտ ամսից իրենց դեղերի գներն իջեցրել են եւ համապատասխանեցրել Ռուսասատանի Դաշնության շուկայական գներին: Տվյալ կազմակերպություններում դեղեր կան, որոնց գները իջել են մինչեւ հիսուն տոկոսի չափով, դեղեր կան` երեսուն: Միջին հաշվարկով` վերոնշյալ դեղերի գներն իջել են մինչեւ 35 տոկոսով», – ասել է նա։
Վարդուհի Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում դեղերի գները դեռեւս չեն կարգավորվում, եւ չկան ինչպես գրանցման հավաստագրի իրավատերերի, այնպես էլ մեծածախ ու մանրածախ գների զսպման իրավական լծակներ: Սակայն, օրինակ, «Հոֆֆման-Լյա Ռոշե» ընկերության «Քսելոդա» դեղի նախկինում տարիներ շարունակ ներմուծվող խմբաքանակների եւ ներմուծված վերջին խմբաքանակի գներն էականորեն տարբերվում են։ Սա, ըստ դեղերի քաղաքականության վարչության պետի, գրանցման հավաստագրի իրավատերերի հետ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական բանակցությունների արդյունք է:
Վարդուհի Գրիգորյանը հիշեցրել է, որ ՀՀ առողջապահության նախարարը ամեն ամսվա վերջին ուրբաթ հանդիպում է դեղարտադրողների եւ ներկրողների հետ, քննարկում ոլորտին առնչվող տարբեր հարցեր:
«Մեր առաջ դրված արդիական խնդիրը դեղերի գներն են: Նշված դեղերի արժեքի նվազումը պայմանավորված է տվյալ կազմակերպությունների հետ մեր համագործակցությամբ: Նախարարի հորդորով նրանք ուսումնասիրում են իրենց շուկայական գները եւ աշխատանքներ են իրականացնում արտադրողների հետ, որպեսզի գները իջեցնեն: Ամեն դեպքում ակնհայտ է, որ մարտ ամսից ներկայացուցչությունները, արտադրողները, ովքեր ուզում են մեր շուկայում կայուն մնալ` համագործակցելով մեզ հետ, լսելով նախարարի հորդորը, իրենք էլ են աշխատանքներ իրականացնում, որպեսզի դեղերի գները մեր շուկայում եւս նվազեն», – ասել է նա։
Վարչության պետը նշել է, որ Ռուսաստանում, օրինակ, գործում են դեղերի գների կարգավորման որոշակի մեխանիզմներ։ Մեզ մոտ այդպիսի մեխանիզմներ առայժմ չկան, սակայն նրանք նախատեսված են «Դեղերի մասին» նոր օրենքի նախագծով, որն այսօր գտնվում է Ազգային ժողովում։
«Դրա ընդունումից հետո մենք ես դեղերի գների կարգավորման մեխանիզմներ մշակելու հնարավորություն կունենանք», – ընդգծել է նա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day