• Latest news

Ի՞նչ է կոխլեար իմպլանտացիան եւ ե՞րբ են այն կատարում. պարզաբանում է հայ բժիշկը

24 փետրվարի, 2014  20:09

Կոխլեար իմպլանտացիան բարձր տեխնոլոգիական վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս լսել: Այսօր այդպիսի վիրահատություն կատարվում է ոչ բոլոր երկրներում, սակայն Հայաստանում այն արվում է 2004-ից:

Այն մասին, թե ինչ է կոխլեար իմպլանտացիան եւ ում կարող է օգնել լսել, ինչպես եւ շատ այլ հարցերի մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Հայաստանում այդ վիրահատությունը կատարող բժիշկը՝ ՀՀ առողջապահության նախարարության եւ Երեւանի գլխավոր օտորինոլարինգոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը:

Ի՞նչ է կոխլեար իմպլանտացիան

Պարզ լեզվով ասած՝ կոխլեար իմպլանտացիան («կոխլեա» բառից, որը նշանակում է «ականջախեցի») վիրահատություն է, որը խուլ մարդկանց հնարավորություն է տալիս լսել: Վիրահատությունը տեւում է մոտ 2 ժամ, այդ ընթացքում վիրաբույժները հիվանդի ներքին ականջի մեջ դնում են հատուկ սարք, որը ձայնը վերածում է էլեկտրական ազդանշանի եւ փոխանցում լսողական նյարդին:

«Մեր լսողական օրգանը կազմված է 3 մասից՝ արտաքին, միջին եւ ներքին ականջ»,- ասաց պրոֆեսոր Շուքուրյանը եւ բացատրեց, որ ներքին ականջում է գտնվում ականջախեցին (այն նույն «կոխլեան»), որը պատասխանատու է ձայնային ալիքները լսողական նյարդին փոխանցելու համար: Որոշ մարդկանց ականջախեցու մազմզուկային բջիջները մահանում են, եւ ականջախեցին դադարում է ձայնային ազդանշաններ փոխանցել, այսպես առաջանում է «կոխլեար (սենսոնեյրոնային) խլություն»:

Պրոֆեսոր Շուքուրյանը նշեց, որ խլության պատճառները, որի դեմ պայքարում է կոխլեար իմպլանտը, տարբեր են լինում: Երեխաների դեպքում դա կարող է քրոմոսոմների փոփոխության կամ ծննդաբերության ժամանակ եղած բարդությունների հետեւանքով առաջացած ի ծնե խլություն լինել, մեծահասակների դեպքում լսողական խնդիրները կարող են առաջանալ որոշ հիվանդությունների հետեւանքով՝ (օրինակ՝ մենինգիտի), բայց բացառված չէ նաեւ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների առաջացրած խլությունը:

Ե՞րբ պետք է վիրահատել

Պրոֆեսոր Շուքուրյանը նշեց, որ եթե խլությամբ տառապողը երեխա է, շատ կարեւոր է կոխլեար իմպլանտացիան հնարավորինս շուտ անել, որպեսզի երեխան հնարավորություն ունենա սովորելու խոսել եւ լիարժեք կյանքով ապրել: Իդեալական դեպքում վիրահատությունը պետք է անել կյանքի առաջին 5 տարվա ընթացքում, քանի որ հենց այդ ժամանակ է զարգանում երեխայի խոսքային կենտրոնը: Եթե երեխան մինչեւ 5 տարեկանը խուլ մնա, նրա խոսքային կենտրոնը կմնա  չզարգացած, եւ նույնիսկ եթե նա հետո սկսի լսել, դժվար թե սովորի խոսել, կամ էլ մեծ դժվարությամբ կսովորի:

«Մեր փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, որոնք մինչեւ 2 տարեկանը տեղադրում են կոխլեար իմպլանտ, նորմալ դպրոց են գնում եւ մյուս երեխաների հետ հավասար սովորում»,- ասաց պրոֆեսոր Շուքուրյանը:

Վիրահատությունից հետո երեխաների հետ աշխատում են սուրդոմանկավարժը եւ աուդիոլոգների խումբը, որոնք երեխաներին սովորեցնում են խոսել եւ օգնում ավելի արագ հարմարվել նոր կյանքին:

Մի հիվանդ...

Քնելուց առաջ հիվանդները պետք է հանեն իրենց լսողական սարքերի արտաքին մասը, որպեսզի քնած ժամանակ պատահաբար չվնասեն այն: Պրոֆեսոր Շուքուրյանը ժպիտով պատմեց, թե ինչպես է երեխաներից մեկն ամեն օր քնելուց առաջ հանել սարքը, համբուրել այն ու նրբորեն դրել անկողնու կողքի պահարանի վրա: Առավոտյան նա նորից համբուրել է սարքը, որը նրան լռության աշխարհից վերադարձրել է ձայների աշխարհ, եւ միացրել է այն:

Մեկ ուրիշ երեխա քիչ է մնացել կորցնի սարքը շան պատճառով, որն այն տարել է ատամներով: Մեծերը հազիվ են շան բերանից վերցրել սարքը. նրանց բախտը բերել է, որ վնասվել է միայն արտաքին մակերեսը, որը հետո փոխել են, սարքի ներսն անվնաս է եղել:

Ո՞ւմ չի օգնի կոխլեար իմպլանտացիան

Պրոֆեսոր Շուքուրյանը բացատրեց, որ կոխլեար իմպլանտացիան օգտագործվում է միայն այն դեպքերում, երբ խնդիրը կապված է ներքին ականջի հետ: Լսողության մի շարք այլ խախտումների դեպքում կոխլեար իմպլանտացիան չի օգնի:

Ներկայումս գոյություն ունեն նաեւ ուղեղային իմպլանտներ, որոնք հնարավորություն են տալիս վերադարձնել այն հիվանդների լսողությունը, որոնց դեպքում խնդիրը կապված է ոչ թե ներքին ականջի, այլ ուղեղի հետ, բայց այդպիսի վիրահատություն անում են միայն աշխարհի մի քանի խոշոր կենտրոններում:

Հնարավոր բարդացումներ

Բժիշկ Շուքուրյանը նշեց, որ կոխլեար իմպլանտացիայից հետո, ինչպես ցանկացած այլ վիրահատությունից հետո, հնարավոր է՝ բարդություններ լինեն: Առաջին հերթին, դրանք կարող են կապված լինել վերքի հետ, որին ժամանակ է պետք, որպեսզի ինչպես հարկն է՝ ապաքինվի: «Այն բանից հետո, երբ էլեկտրոնային սարքը տեղադրվում է ներքին ականջի մեջ, մենք մեկ ամիս սպասում ենք, որպեսզի վերքը լավանա, եւ հիվանդի օրգանիզմն ընտելանա, միայն դրանից հետո միացնում ենք սարքը»,- բացատրեց պրոֆեսորը:

Գինը

Մինչեւ վերջերս կոխլեար իմպլանտացիան Հայաստանում անվճար էր արվում: Հիմա այն դասվել է բարձր տեխնոլոգիական վիրահատությունների շարքին, որոնց համար հիվանդից համավճար է պահանջվում: Սակայն նորածին երեխաների վիրահատությունն արվում է պետպատվերի շրջանակներում:

Հենց սարքը, որը վիրահատության ժամանակ տեղադրվում է ներքին ականջի մեջ, բավական թանկ է, արժե մոտ 17 000-25 000 եվրո: «Մենք այս ծրագիրը սկսել ենք 2004-ին, եւ մինչեւ օրս փորձում ենք բարեգործների գտնել, որոնք վճարում են իմպլանտի համար: Մինչեւ հիմա միայն եզակի դեպքեր են եղել, երբ ծնողները ստիպված են եղել իրենք գնել իմպլանտը»,- ասաց բժիշկը:

Ի ծնե դժվարալսությունը Հայաստանում

Հայաստանում 2004 թվականից գործում է պետական ծրագիր, որի շրջանակներում բացի մի քանի այլ սքրինինգներից՝ նորածիններին արվում է լսողության սքրինինգ, որի միջոցով որոշվում է՝ արդյոք նրանք ունեն լսողության խանգարումներ, եւ եթե այո՝ հատկապես ինչպիսի: Պարզվում է՝ մեր երկրում ծնվում է տարեկան մոտ 40 խուլ երեխա, սակայն տարեկան կոխլեար իմպլանտացիայի մոտ 10-15 վիրահատություն է արվում:

Ի՞չ է լինում մնացած 25-30 խուլ երեխաների հետ: Պրոֆեսոր Շուքուրյանը նշեց, որ բոլորովին պարտադիր չէ, որ ի ծնե խուլ բոլոր երեխաներին անհրաժեշտ լինի հենց կոխլեար իմպլանտացիա. ոմանց լիովին բավարար է լինում սովորական լսողական սարք կրելը: Ամեն դեպքում, արդյոք նպատակահարմար է վիրահատություն անել, թե լսողական սարքը բավարար է, կամ հնարավոր է որեւէ այլ միջոցով վերադարձնել  երեխայի լսողությունը, պետք է բժիշկները որոշեն:

Ամալյա Գաբրիելյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել