Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ APOE եւ CHRNA գեներում մուտացիաները դրանց տերերին զրկում են միջինը մեկ տարվա կյանքից: Մոտավորապես 200 հազար բրիտանացի այնպիսի գենի կրող է համարվում, որը պոտենցիալ առումով ի վիճակի է մինչեւ չորս տարով կրճատել կյանքի տեւողությունը, գրում է The Telegraph-ը:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 150 հազար մարդու ԴՆԹ-ն եւ պարզել, որ APOE կամ CHRNA գենում մուտացիա ունեցող մարդիկ մեռնում են մոտավորապես 12 ամիս շուտ: Երկու մուտացիայի կրողների կյանքն իր հերթին (դա մոտավորապես ամեն հազար մարդուց երեքն է) կարող է կրճատվել մինչեւ չորս տարով:
Գիտնականները տվյալ գեները կապում են շնչառական համակարգի հիվանդությունների եւ Ալցհայմերի հիվանդության հետ: Սակայն նրանք խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել եւ հիշեցնում են, որ կենսակերպն առողջության վրա ոչ պակաս է ազդում, իսկ երբեմն նույնիսկն ավելի շատ, քան գեները:
«Չնայած կյանքի տեւողության վրա գենետիկական այս տարբերակների ազդեցությունը զարմանալիորեն մեծ է, կարեւոր է հիշել, որ դա պատմության ընդամենը մի մասն է: Կենսակերպն ավելի ուժեղ է ազդում այն բանի վրա, թե մենք որքան երկար ենք ապրում, եւ մենք կարող ենք վերահսկել այս գործոնը», - նշում է հետազոտող բժիշկ Փիթեր Ջոշին:
Հայտնագործությունը թույլ է տալիս ենթադրել, որ ապագայում մարդիկ տվյալ գենային մուտացիայի առկայության հայտնաբերման սքրինինգ կանցնեն եւ խորհուրդներ կստանան այն մասին, թե կենսակերպում ինչ փոփոխություններ է պետք մտցնել: Օրինակ, CHRNA գենում մուտացիա ունեցողների համար ճիշտ կլինի չծխել, որովհետեւ նրանց մոտ մեծանում է թոքերի քաղցկեղի ռիսկը:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ գենետիկական տարբերակները տարբեր կերպ են ազդում տղամարդկանց եւ կանանց կյանքի տեւողության վրա: Այսպես, Ալցհայմերի հիվանդության հետ կապված մուտացիան կանանց վրա մեծ ազդեցություն է թողնում, մինչդեռ թոքերի հիվանդությունների հետ կապված տարբերակն ավելի ուժեղ ազդել է տղամարդկանց վրա:
Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:






