RIKEN ինստիտուտի ճապոնացի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում մաշկի հյուսվածքներ աճեցնել, որոնք մազային ֆոլիկուլներ եւ քրտնագեղձեր են պարունակում: Սա արհեստական մաշկի ամենակատարյալ տարբերակներից մեկն է. այն նույնիսկ ի վիճակի է քրտնելու, եւ դրա վրա մազեր են աճում:
Արհեստական մաշկի ստեղծման համար գիտնականները մկների լնդերից էպիթելի բջիջներ են առանձնացրել, ինչից հետո դրանցից բազմապոտենտ ցողունային բջիջներ են ստացել, որոնցից էլ ստացվել է եռաշերտ մաշկը: Հյուսվածքի հատվածներն աճեցվել են Պետրիի գավաթներում, ինչից հետո փոխպատվաստվել են մկներին: Գիտնականները նկատել են, որ արհեստական մաշկը բավականին արագ «կպել է» եւ միացումներ է ձեւավորել կենդանիների ինչպես մկանային հյուսվածքների, այնպես էլ նյարդային վերջավորությունների հետ: Փոխպատվաստված հատվածի պոկում տեղի չի ունեցել, իսկ փոխպատվաստումից 14 օր անց մաշկի վրա սկսվել է մազերի աճը :
Հետազոտողները հույս ունեն, որ նոր մշակումը հնարավոր կլինի օգտագործել վերականգնողական բժշկության մեջ եւ դա կօգնի այրվածքներից հետո բուժում ստացող հիվանդներին: Բացի այդ, մշակումը հնարավոր կլինի կիրառել կոսմետիկայի միջոցների եւ դեղամիջոցների թեստավորման ոլորտում:
Ավելի վաղ Տակասի Ցուդզին եւ վերոհիշյալ ինստիտուտից իր գործընկերներն արդեն աճեցրել էին մաշկի հատվածներ, որոնք հաջողությամբ փոխպատվաստվել են հիվանդներին: Սակայն նոր մաշկն անհամեմատ ավելի կատարյալ է, կազմված է երեք շերտից եւ քրտնարտադրության կարողություն ունի:
Այդ մասին հայտնում է Science Advances ամսագիրը:






