Northwestern University համալսարանի մասնագետները եռաչափ փրինթերով արհեստական ձվարան են տպագրել, որը հետո հաջողությամբ ներպատվաստել են մկներին: Ոչ հեռավոր ապագայում այդ տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր կլինի ձվարան ստեղծել նաեւ մարդկանց համար, հույս ունեն գիտնականները:

Եռաչափ փրինթերի օգնությամբ գիտնականները ժելատինային կարկաս են տպագրել, ամուր ու միաժամանակ առաձգական: Կարկասի մեջ բնակեցրել են հորմոն արտադրող բջիջներ ու օօցիտներ՝ տհաս ձվաբջիջներ: Հետո ստացված բիոփրոթեզները պատվաստել են մկներին, որոնց ձվարանները հեռացված էին: Պատվաստումից հետո շուտով արհեստական ձվարանում սկսել են գործել արյունատար անոթները ու օվուլյացիա է սկսվել:

Մկների օրգանիզը չի վանել արհեստական ձվարանը ու որեւէ լուրջ կողմնակի էֆեկտ չի եղել: Ներպատվաստումից հետո մկները կարողացել են հղիանալ, ծննդաբերել ու նույնիսկ կերակրել սերունդին:

Մոնիկա Լարոնդան բացատրում է, որ ձվարանների կենսաբանական տպագրության մեթոդաբանությունը կօգնի վերականգնել ձվարանների դիսֆունկցիայով տառապող կամ քաղցկեղի հետեւանքով ձվարանից զրկված կանանց բեղունությունը: