Կանանց 27 տոկոսով հաճախ են հակաբիոտիկներ նշանակում, քան տղամարդկանց: Ընդ որում 35-54 տարեկան կանայք 40 տոկոսով հաճախ են հակաբիոտիկներ ընդունում այդ նույն տարիքային խմբի տղամարդկանց համեմատ: Այս մասին հայտնում են Գերմանիայի Tubingen University Hospital համալսարանի գիտնականները, որոնք 44 մլն մարդկանց մասնակցությամբ 11 հետազոտությունների մետա անալիզ են արել:
Journal of Antimicrobial Chemotherapy ամսագրում հրապարակված վերլուծությունը ցույց է տվել, որ միայն միզուղիների ու սեռական օրգանների ինֆեկցիաների բուժման դեպքում տղամարդկանց ու կանանց միջեւ զգալի տարբերույթուն չկա հակաբիոտիկների ընդունման առումով, իսկ բոլոր մյուս հիվանդությունների դեպքում կանանց զգալիորեն հաճախ են նշանակում այդ դեղորայքը: Հետազոտության հեղինակների կարծիքով դրա պատճառը կարող է լինել հենց հիվանդ կանանց վերաբերմունքն այս հարցին: Հնարավոր է որ կանայք իրենք են բժիշկներին համոզում նշանակել այդ դեղերը:
Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ բժիշկները հաճախ հակաբիոտիկներ են նշանակում հիվանդների նկատմամբ իրենց անձնական վերաբերմունքից՝ այլ ոչ թե բժշկական անհրաժեշտությունից դրդված: Իսկ դա շատ վտանգավոր է, հաշվի առնելով հակաբիոտիկների նկատմամբ կայունության տեմպերի աճը:
Ինչպես հայտնում է The Daily Mail–ը, գլխավոր բժիշկ Դամ Սալլի Դեւիսը վաղուց է փորձում հանրության ուշադրությունը հրավիրել հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդրի նկատմամբ, որը նրա կարծիքով նույնքան լուրջ է, որքան ահաբեկչությունն ու գլոբալ տաքացումը: Շատ բժիշկներ, մասնագետի խոսքով, առանց լուրջ անհրաժեշտության հիվանդներին հակաբիոտիկներ են նշանակում, դրանով իսկ նպաստելով հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների զարգացմանը: Եթե այդ նույն ոգով շարունակենք, ապա մոտ ապագայում հակաբիոտիկների դարաշրջանը կարող է ավարտվել, ինչը մարդկությանը կվերադարձնի այն ժամանակները, երբ թոքաբորբը, սիֆիլիսն ու արյան վարակումը սպանում էին հարյուր հազարավոր մարդկանց: Ավելին, նույնիսկ ամենահասարակ վիրահատությունները անհնար կդառնան, եթե մանրէների մեծամասնությունը հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ունենա:






