Լիկոպինը` լոլիկին կարմիր գույն հաղորդող պիգմենտը, կարող է օրգանիզմը պաշտպանել ճառագայթման վնասակար ազդեցությունից: Այդ մասին հայտնում է Մանչեստրի համալսարանի գիտնականների խումբը Ռուտ Էդջի գլխավորությամբ: 

Այս կարոտինոիդը բջիջների մշակությանն ավելացնելով` հետազոտողները հայտնաբերել են, որ այն իրոք օգնում է կանխարգելել գամմա ճառագայթման ազդեցության հետեւանքով բջջային թաղանթի ոչնչացումը: Միաժամանակ պաշտպանական ազդեցությունը սաստկանում է թթվածնի խտության նվազման դեպքում: 

«Մենք ցույց ենք տվել, որ լիկոպինը կարող է արդյունավետ կերպով մարդու բջիջները պաշտպանել գամմա ճառագայթումից թթվածնի ցածր, բայց ոչ բարձր խտության պայմաններում: Եվ մենք հույս ունենք, որ այս ազդեցությունը կօգնի բարելավել քաղցկեղի ճառագայթային թերապիայի տեխնոլոգիան», - ասել է Ռուտ Էդջը:

Գիտնականները համարում են, որ անհրաժեշտ է լոլիկը ներառել ատոմակայաններում աշխատողների, ինչպես նաեւ այն մարդկանց սննդակարգում, որոնք ճառագայթային թերապիա են ստանում: Ավելի լավ է լոլիկն ուտել բուսայուղի հետ. այդպես կարոտինոիդներն ավելի լավ կներծծվեն մարսողության գործընթացի արդյունքում:   Հեղինակները նախատեսել են մոտ ժամանակներս պարզել, թե արդյոք ճառագայթումից կարող են պաշտպանել նաեւ այն խառնուրդները, որոնց բաղադրության մեջ այլ կարոտինոիդներ են մտնում ու նաեւ` արդյոք պաշտպանական ազդեցությունը կախված է թթվածնի խտությունից: