Անքնությունը մարդու ուղեղում փոխում է սպիտակ նյութը, ազդելով այն մասերի վրա, որոնք պատասխանատու են նոր կապերի ու ուղեղի մի մասից մյուսին տեղեկությունը փոխանցելու համար: Այս մասին հայտնել են չինական Գուանդուն նահանգի գիտնականները:

Բժիշկներն արդեն վաղուց գիտեն, որ անքնությամբ տառապողները գտնվում են ռիկսի խմբում դեպրեսիայի, տագնապալի վիճակների ու տրամադրության խնդիրների զարգացման տեսակետից: Բայց հիմա չինացի գիտնականների հետազոտությունն օգնել է հասկանալ դրա հստակ պատճառը՝ քնի պակասից խախտվում է աշխատանքը ուղեղի այն մասում, որը պատասխանատու է զգացմունքների համար:

Գիտնականները հանգել են նման եզրակացության այն բանից հետո, երբ բարձրտեխնոլոգիական համակարգերը սկանավորել են անքնության ծանր տեսակով տառապող 23 հիվանդի ուղեղ: Նրանք բոլորը բողոքում էին առնվազն մեկ ամսվա ընթացքում քնի խնդիրներ ունենալուց: Հետո այդ լուսանկարները, որոնք ցույց են տալիս ուղեղի «էլեկտրական լարի» ինտենսիվությունը, համեմատել են 30 առողջ մարդկանց ուղեղի նկարների հետ:

Ի վերջո հետազոտողները հայտնաբերել են, որ առողջ ու հիվանդ մարդկանց ուղեղի սպիտակ նյութում զգալի տարբերություններ կան: Սպիտակ նյութը հենց այն լարն է, որը միացնումէ ուղեղի տարբեր կիսագնդերը: Անքնության զոհերի մոտ վնասվում է սպիտակ նյութը ամբողջ ուղեղում, բայց առավել շատ՝ աջ կիսագնդում, որը վերահսկում է զգացմունքները: Բացի դրանից, նրանց մոտ վնասված էր նաեւ կոշտուկային մարմինը՝ այն մասը, որը միացնում է աջ ու ձախ կիսագնդերը:

Այս հայտնագործությունը հույս է տալիս, որ հնարավոր կլինի նոր մեթոդաբանություն մշակել՝ ուղեղի կամ դրա առանձին գոտիների վրա հասցեական ազդեցության օգնությամբ անքնությունը բուժելու համար: