Իսրայելցի գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել, որը մկներին բուժել է Ալցհեյմերի հիվանդությունից: Ընդ որում նույնիսկ դեղորայքի փոքր չափաբաժինները միանգամայն արդյունավետ են եղել:
Գիտնականները առաջին հերթին հետազոտել են դեղի ազդեցությունը մարդու նյարդային բջիջների կուլտուրայի վրա՝ դեղի հավելումը կանխել է նեյրոնների կործանումը սթրեսի կամ բետա ամիլոիդային գնդիկների ազդեցության տակ: Ինչպես պարզաբանել են գիտնականները՝ Բիլխա Ֆիշերի ղեկավարությամբ, նոր միջոցը կանխում է բետա ամիլոիդի կուտակումը ու ակտիվացնում մի շարք սպիտակուցների աշխատանք, ապահովելով նեյրոնների պաշտպանությունը դրանց քայքայող գործոններից:
Լաբորատոր հետազոտություններից հետո գիտնականները սկսել են փորձարկել դեղամիջոցը մկների վրա: Ալցհեյմերի հիվանդությամբ կենդանիները, որոնք ստացել էին նոր դեղամիջոցը, գրեթե չէին տարբերվում առողջ կրծողներից: Ավելին՝ առողջ մկների ու բուժում անցած մկների մոտ նույնատեսակ արդյունքներ են գրանցվել այն թեստերի ժամանակ, որոնք ուսումնասիրում էին վարքագծային առանձնահատկությունները ու մտավոր ունակությունները:
Ալցհեյմերի հիվանդությանա դեմ դեղամիջոցներ վաղուց են մշակվում, սակայն դեպքերի 99 տոկոսում դեղորայքի կլինիկական հետազոտությունները ավարտվում են անհաջողությամբ: Մարդկանց վրա այս նոր դեղամիջոցի փորձարկումների արդյունավետության մասին խոսելը դեռ վաղաժամ է, բայց դեղամիջոցը հեռանկարային ու խոստումնալից է թվում:






