Հղիության ընթացքում յուղոտ ձկան գործածումը 5 անգամ նվազեցնում է երեխաների մոտ ասթմայի ու այլ շնչառական հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այս մասին հայտնում են Սաութհեմփթոնի համալսարանի աշխատակիցները:

Հետազոտությունը, որը նրանք անցկացրել են, ցույց է տվել, որ Օմեգա-3 ճարպաթթուները դրական են ազդում մոր արգանդում պտղի իմունային համակարգի ձեւավորման վրա ու կանխում ալերգիկ արձագանքների դրսեւորումը: Բացի դրանից ձկան մեջ պարունակվող վիտամին Դ-ն զարգացնում է երեխայի ուղեղը, ամրացնում ոսկորները ու հինգ անգամ նվազեցնում ասթմայի առաջացման հավանականությունը:

Հետազոտության շրջանակում 123 հղի կանանց բաժանվել են 2 խմբի՝ առաջին խումբը շաբաթական առնվազն երկու անգամ յուղոտ ձուկ է կերել, իսկ երկրորդ խումբը ոչ մի ձուկ չի կերել: Կյանքի առաջին տարվա ըթնացքում նրանց երեխաների միջեւ առանձնահատուկ տարբերություն չկար, բայց ժամանակի ընթացքում տարբերությունը ավելի ակնհայտ է դարձել՝ 2.5 տարեկանում երեխաները, ում մայրերը ձուկ են կերել, 5 անգամ ավելի հազվադեպ են հիվանդացել ասթմայով:

Գիտնականներ շեշտել են, որ հղիության ընթացքում սննդային սովորությունների փոփոխությունը կարող է երկարատեւ դրական ազդեցություն ունենալ երեխանեի առողջության վրա: