University of California Los Angeles-ի գիտնականները հավելված են մշակել, որի օգնությամբ բժիշկները կկարողանան յուրաքանչյուրին անհատապես համապատասխանող դեղամիջոցներ ընտրել` օպտիմալ չափաբաժնով:  

Հավելվածը, որը Phenotypic Personalized Medicine (PPM) անվանումն է ստացել, վերլուծում է հիվանդի անձնական տվյալները, օրինակ` զարկերակային ճնշումը, այս կամ այն օրգանի վիճակը, ուռուցքի առկայությունը, դրա չափերը, ինչից հետո գրաֆիկ է կառուցում, որն արտացոլում է այս կամ այն դեղամիջոցի անհրաժեշտ չափաբաժինները, ինչպես նաեւ բուժմանը հիվանդի ենթադրյալ պատասխանը: Այս գրաֆիկը բժիշկներին կօգնի հասկանալ, թե որ միջոցն իրոք արդյունավետ կլինի, իսկ որ դեղամիջոցը նշանակել չարժե:  

Հավելվածի օգնությամբ հնարավոր է նաեւ շտկել բուժման ընթացքում նշանակումները` հիվանդի վերաբերյալ նոր տվյալներ ներմուծելով: 

Ալի Զարինպարն ու իր գործընկերներն այդ համակարգն արդեն փորձարկել են  8 հիվանդի վրա, որոնք լյարդի փոխպատվաստում էին տարել: Մասնակիցների մի խմբի համար իմունային համակարգը ճնշող դեղամիջոցներն ընտրում էին բժիշկները, իսկ երկրորդի համար` հեղինակների ստեղծած հավելվածը: Ի զարմանս շատերի, հավելվածը բժիշկներից անհամեմատ ավելի ճշգրիտ է հաշվարկել, նշում են հետազոտողները:  

Նոր հավելվածը կարող է օգտագործվել ոչ միայն փոխպատվաստումների ոլորտում, այլեւ ընդհանուր բժշկության, օրինակ` քաղցկեղի կամ վարակիչ հիվանդությունների բուժման, կարծում են մշակողները: