Վնասակար սնունդը, օրինակ ֆասթֆուդը մարդուն կարող է դարձնել ծույլ: Այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները Քալիֆորնիայի համալսարանից:
ՄԻ հետաքրքիր հետազոտության շրջանակում իգական սեռի լաբորատոր մկներին բաժանել են երկու խմբի՝ մեկին կերակրել են առողջ ու օգտակար սնունդով, իսկ երկրորդին՝ վնասակար: Արդեն երկու ամսից երկրորդ խմբի մկները սկսել են գիրանալ: Եվս մեկ ամսից նրանք զգալիորեն գեր էին առաջին խմբի մկներից:
Կես տարի հետո գիտնականները որոշել են ստուգել նաեւ նրանց վարքագիծը: Երկու խմբերի կենդանիներն էլ այդ ժամանակ սովորել էին սեղմել հատուկ լծակ՝ իրենց քաղցր ջրի հերթական չափաբաժինը ստանալու համար: Հետազոտության հեղինակները բարդացրել են այդ խնդիրը՝ սկզբում մկներից պահանջվում էր ընդամենը մեկ անգամ սեղմել լծակը, իսկ ավելի ուշ երեք ու նույնիսկ վեցից ավելի անգամ:
Հետեւելով կրծողներին, գիտնականները նկատել են, որ գեր մկները ավելի հաճախ էին ընդմիջումներ անում սեղմելու հարցում: Եթե օրինակ առողջ կենդանիների դեպքում ամենաերկար ընդմիջումը հինգ րոպե էր, ապա գեր մկները ավելի քան 10 րոպե անշարժ պառկում էին: Ի վերջո գիրացած մկները հրաժարվեցին բարդ խնդիրներից ու որպես հետեւանք՝ նաեւ քաղցր ջրից:
Վնասակար սնունդը, գիտնականների խոսքով, փոխում է կրծողների գլխուղեղի քիմիական կազմը, ինչը հանգեցնում է մոտիվացիայի նվազմանը: Հենց դրա համար էլ գեր մարդիկ հաճախ զլանում են սպորտով զբաղվել ու շտկել իրենց սննդակարգը:






