Հայաստանում կան բազմաթիվ գիտնականներ, որոնք մրցունակ են միջազգային ասպարեզում, տարբեր ոլորտներում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի կրթության եւ գիտության նախկին նախարար,  Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Արմեն Աշոտյանը: 

«Խոսել այս պահին Նոբելյան հավակնությունների մասին, իհարկե, կարծում եմ, վաղ է, բայց կան նաեւ մեր հայրենակից գիտնականներ, որոնք աշխատում են այլ երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, ԱՄՆում, որոնց հետ կապված հույսեր կարող ենք փայփայել, որ մի գեղեցիկ օր կունենանք հայազգի Նոբելյան մրցանակակիր», – ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ գիտությունը ցանկացած երկրի զարգացման հիմքն է, սակայն գիտությունը պիտի ծառայի խաղաղության պահպանմանը, ոչ թե պատերազմին: 

«Մարդկության գիտական առաջընթացը չպետք է մահաբեր լինի, ինչպես դա լինում է ժամանակակից զենքի կիրառման պարագայում: Հիշեք ակադեմիկոս Սախարովի պատմությունը, որը ջրածնային ռումբի հայրերից մեկը լինելով` հասկացավ, թե ինչ ավերածությունների կարող է հանգեցնել իր գյուտը եւ խաղաղասեր դարձավ` մարդ, որը մարտնչել է զանգվածային ոչնչացման զենքի դեմ», - ասել է Աշոտյանը:

Խոսելով Հայաստանում այսօր մեկնարկած Նոբելյան օրերի մասին` Աշոտյանը նշել է, որ դա բացառիկ միջոցառում է, որովհետեւ վերջին անգամ Նոբելյան մրցանակակիրներ` ընդամենը չորս, Հայաստանում եղել են շատ վաղուց, դեռեւս ԽՍՀՄ-ի օրոք: 

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի երիտասարդ բժիշկները եւ գիտնականները կկարողանան  անմիջական աղբյուրից լսել ոչ միայն ռազմաճակատի նորությունները, ինչպես վերջին 10 օրվա ընթացքում, այլեւ` գիտական ճակատի նորությունները: Դա մեծ իրադարձություն է երկրի, բուհերի, գիտության համար», - ասել է Արմեն Աշոտյանը: 

Հիշեցնենք, որ «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում առաջին անգամ ընթացիկ տարվա ապրիլի 12-ից 16-ը Երեւանի պետական բժշկական համալսարանը կհյուրընկալի Նոբելյան   5 մրցանակակրի` կենսաբան Աարոն Չեխանովերին (Իսրայել), Ադա Յոնատին (Իսրայել), ֆիզիկոս եւ քիմիկոս Դանա Շեխտմանին (Իսրայել), պաթոլոգ Ջոն Ռոբին Ուորեննին (Ավստրալիա) եւ քիմիկոս Էյ Իթի Նեգիսիին (Ճապոնիա):

Միջոցառման նշանաբանն է` «Ոգեշնչվիր եւ ստեղծիր»: