Հայաստանի եւ Իսրայելի միջեւ փոխգործակցության մեծ դաշտ կա, իսկ առկա տարաձայնությունները հնարավոր կլինի հաղթահարել հանուն համագործակցության զարգացման եւ մարդկանց կյանքի բարելավման: Հայաստանում Նոբելյան օրերի շրջանակում ելույթի ընթացքում նման կարծիք է հայտնել Նոբելյան մրցանակակիր եւ կենսաբան Աարոն Չեխանովերը (Իսրայել):
«Հայաստանի նման, Իսրայելն էլ փոքր երկիր է: Մենք ընդամենը 8 միլիոն ենք, դուք` 3 միլիոն: Մենք դեռեւս պայքարում ենք մեր գոյատեւման համար` ֆիզիկական եւ հուզական, ինչպես Դուք», - ասել է գիտնականը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանի եւ Իսրայելի միջեւ քաղաքական որոշ տարաձայնություններ կան, սակայն ինքը իրոք հույս ունի, որ այս շաբաթվա` Հայաստանում Նոբելյան օրերի շաբաթվա ընթացքում` գիտության եւ տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել քաղաքական բոլոր խոչընդոտները, որոնք երբեք չպիտի խանգարեն օգնել մարդկանց եւ բարելավել նրանց կյանքը:
«Մենք պիտի բոլոր ջանքերը ներդնենք ամբողջ աշխարհում համագործակցության զարգացման համար, հատկապես` Իսրայելի եւ Հայաստանի միջեւ, որպեսզի բարելավենք մարդկանց կյանքը, որտեղ էլ նրանք լինեն: Հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի», - նշել է գիտնականը:
Աարոն Չեխանովերը Երեւան է եկել` մասնակցելու Հայաստանում Նոբելյան օրերին Նոբելյան այլ մրցանակակիրների` Ադա Յոնատի (Իսրայել), Դան Շեխտմանի (Իսրայել), Ջոն Ռոբին Ուորրենի (Ավստրալիա) եւ Էյ Իթի Նեգիսիի (Ճապոնիա) հետ:






