Հակաբիոտիկների օգտագործումը չի արագացնում մանրէների շրջանում դեղերի նկատմամբ կայուն գեների տարածումը, ցույց են տվել Դյուկի համալսարանի միկրոկենսաբանները: 

Նախկինում համարվում էր, որ մի միկրոօրգանիզմից մյուսին գեների արագացված փոխանցումը հակաբիոտիկների նկատմամբ անընկալունակ գերվարակների «պայթուցիկ» տարածման հիմնական պատճառն է: Հետազոտությունը հրապարակվել է    Nature Microbiology ամսագրում:

Միկրոօրգանիզմներն ի վիճակի են գեներ փոխանակել կոնյուգացիայի միջոցով` երկու բջջի շփման պարագայում ժառանգական նյութի տեղափոխման:  Դեղերը սովորաբար ոչնչացնում են պաթոգեն մանրէների մեծ մասը, սակայն ողջ մնացած բջիջները, որոնք բարձր կայունություն ունեն, արագ լցնում են ազատված տարածությունը եւ սկսում են հաղորդակցվել մեծ քանակությամբ այլ մանրէների հետ: 

Սակայն գիտնականները ենթադրում էին, թե հակաբիոտիկների ազդեցության դեպքում կարող է լրացուցիչ մեծանալ գենետիկ փոխանակման արագությունը: Մինչ այժմ չէր հաջողվել ստուգել դա, որովհետեւ հետազոտողներին խանգարում էր մանրէների բազմացումը, ինչն ինքնին նպաստում է կայունության գեների տարածման տեմպերի մեծացմանը: 

Փորձարկման ընթացքում մանրէական բջիջները սուզել են յուրահատուկ անաբիոզի մեջ, որում դրանք չէին կարող վերարտադրվել, բայց կարող էին գեներ փոխանակել: Միկրոկենսաբանները ստուգել են  պաթոգեն միկրոօրգանիզմների կայունության արագ տարածմամբ ինը տեսակ` դրանք ենթարկելով տասը տեսակի հակամանրէական դեղամիջոցի ազդեցության: Պարզվել է, որ հակաբիոտիկների բարձր կենտրոնացման պարագայում փոխանակման արագությունը ոչ միայն չի մեծանում, այլեւ որոշ դեպքերում նույնիսկ նվազում է: 

Գիտնականների խոսքով, դա նշանակում է, որ չնայած որոշ դեղամիջոցներ, օրինակ` տետրացիկլինը կարող են ակտիվացնել այն գեները, որոնք նպաստում են բջիջների շրջանում կայունության տարածմանը, հակաբիոտիկներն ընդհանուր առմամբ գլոբալ փոփոխություններ չեն առաջացնում բջջային մակարդակում: