Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները (Imperial College London), Բերկլիի հիմնադրամի հետ աշխատելով, առաջին անգամ տեսողական առումով արձանագրել են մարդու ուղեղի վրա ԼՍԴ-ի` կիսասինթետիկ, հոգեակտիվ նյութի ազդեցությունը: Փորձարկումների շարքի արդյունքում գիտնականները պատկերացում են ստացել այն մասին, թե նյութն ինչպես է ազդում ուղեղի գործունեության վրա:  

Մասնագետները d-լիզերինգային թթվի դիէթիլամիդ (ԼՍԴ) կամ պլացեբո են ներարկել    20 առողջ կամավորի եւ ուղեղի սկանավորման տարբեր մեթոդներ են օգտագործել ԼՍԴ-ի ազդեցության տակ ուղեղի աշխատանքը տեսողական առումով արձանագրելու համար: 

Նորմալ վիճակում մեր աչքերից ստացվող տեղեկատվությունը մշակվում է ուղեղի այն հատվածում, որը տեսողական կեղեւ է կոչվում: Այն հիմնականում կենտրոնացած է գլխուղեղի յուրաքանչյուր կիսագնդի ծոծրակային հատվածում: Սակայն երբ կամավորները ստացել են նյութը, տեսողական մշակմանը մասնակցել են  ուղեղի նաեւ այլ` լրացուցիչ հատվածներ, տեսողական կեղեւից բացի:

Բժիշկ Ռոբին Կարհարթ-Հարրիսը (Robin Carhart-Harris) Լոնդոնի Կայսերական քոլեջի բժշկության ամբիոնից պարզաբանել է.   «Մենք հետազոտոել ենք ԼՍԴ-ի ազդեցության տակ գտնվող ուղեղի աշխատանքի փոփոխությունները. այդ նյութը մեր կամավորներին «ներշնչել է», թե իբր «տեսնում են փակ աչքերով»:

Բժիշկը նշում է, որ մեր ուղեղն ընդհանուր առմամբ կազմված է անկախ ցանց-հատվածներից, որոնք իրարից առանձին իրականացնում են իրենց մասնագիտացած գործառույթները: Որոշները պատասխանատու են տեսողության համար, մյուսները` շարժման կամ լսողության, ինչպես նաեւ ավելի բարդ բաների, օրինակ` ուշադրության: 

Սակայն օրգանիզմի վրա ԼՍԴ-ի ազդեցության տակ այդ ցանցերի միջեւ խիստ սահմանները ջնջվում են, դրա փոխարեն մենք հետեւում ենք բարդ եւ միասնական ուղեղին, ասում է բժիշկը: 

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ այս ազդեցությունն ընկած է գիտակցության վիճակի խորը փոփոխության հիմքում, որը մարդիկ հաճախ նկարագրում են նյութի ազդեցության տակ:  Դա կապված է նրա հետ, որ մարդիկ դա երբեմն «էգո-դիսսոլյուցիա»  են կոչում (գիտակցության տարրալուծում): Դա նշանակում է, որ սեփական «ես»-ի նորմալ զգացումն ավերվում է եւ փոխարինվում է ինքն իր, ուրիշների, բնության աշխարհի հետ միավորման զգացողության հետ», — պարզաբանում է գիտնականը:

1950-60-ականներին ԼՍԴ-ի ակտիվ հետազոտություններ էին կատարվում, գիտնականները համարում էին, որ այս դեղամիջոցը կարող է օգնել աֆեկտային խանգարումների բուժման գործում: Բայց հետագայում այն արգելվեց միջազգային պայմանագրով եւ գիտական մեծ աշխատանքը դադարեց, չնայած առաջվա նման ձեւականորեն թույլատրված է:  

Ուղեղը հոգեակտիվ նյութի ազդեցության տակ ներկայացրած հետազոտության եզրակացությունները հրապարակվել են  Proceedings of the National Academy of Sciences գիտական պարբերականում: